Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր ներկայացրել է համավարակի պայմաններում գյուղատնտեսության հակաճգնաժամային ծրագիրը և խոստացել, որ պետությունը ֆերմերներին վառելիք կտրամադրի շուկայական գներից ցածր:

«Գյուղատնտեսական գործընթացը չպետք է դադարի նույնիսկ մեկ օրով, երկրում չպետք է մնան անմշակ հողեր», – ընդգծել է Գախարիան:

Հակաճգնաժամային պլանը ներառում է տարբեր տեսակի օգնություններ, որոնք կվերաբերեն մոտ 200 հազար ֆերմերների: Գյուղատնտեսության ոլորտի օգնության բյուջեն կկազմի 300 միլիոն լարի (մոտ 100 միլիոն դոլար): Ծրագրերի իրականացումը կսկսվի մայիսի 20-ին:

«Միանշանակ կարող եմ ասել, որ ագրոդիզելիգինը շատ ավելի էժան կլինի, քան դիզելի գինը շուկայում», – հայտարարել է վարչապետը:

Ըստ նրա՝ «յուրաքանչյուր ֆերմեր կստանա 150 լիտր դիզելային վառելիք մեկ հեկտարի դիմաց, ինչը երաշխավորված շուկայական գնից մեկ լարիով էժան կլինի»:

Կառավարությունը մշակել է նաև հատուկ լրացուցիչ միջոցառումներ, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ֆերմեր, ով տիրապետում է գրանցված հողատարածք, պետությունից օգնություն կստանա յուրաքանչյուր հեկտարի դիմաց՝ 200 լարիի (մոտ 66 դոլար) չափով:

«Սա նշանակում է, որ միջին և խոշոր տնտեսությունները, որոնք, օրինակ, ունեն 10 հա տարածք և մշակում են այն, պետությունից օգնություն կստանան 2000 լարիի (մոտ 670 դոլար) չափով», – հայտարարել է վարչապետը:

Վարչապետը նշել է, որ օգնությունը համամասնորեն կբաշխվի այն ֆերմերների շրջանում, ովքեր ունեն համեմատաբար ավելի փոքր տարածք:

«Բացի այդ, բոլոր ֆերմերները կստանան 150 լիտր դիզել մեկ հեկտարի դիմաց, ինչը երաշխավորված շուկայական գնից մեկ լարիով էժան կլինի: Ընդհանուր առմամբ, վառելիքի գինը գյուղատնտեսական գործունեության համար ծայրահեղ կարևոր է, համակարգային նշանակություն ունի, և մենք այժմ աշխատում ենք այս խնդրի լուծման ուղղությամբ ոչ միայն այս տարվա ճգնաժամի ընթացքում, այլև հետագա տարիների», – հայտարարել է Գախարիան:

Վարչապետը նաև հայտնել է, որ Վրաստանի 42 հազար ֆերմերներ ամբողջովին կազատվեն ոռոգման ջրի համար վճարումից, ամբողջ 2020 թվականի ընթացքում նրանք իրենց հողերը կոռոգեն անվճար:

«Բացի այդ, յուրաքանչյուր ֆերմեր, ում անհրաժեշտ կլինի գնել տեխնիկա, կազմակերպել ջերմոցային տնտեսություն կամ ոռոգման համակարգ, պետության կողմից ուղղակի ֆինանսական աջակցություն կստանա կամ աշխատանքի արժեքի 50%-ը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: