2015 թվականին Ախալքալաքի շրջանի 18 գյուղերում անցկացվել են աշխատանքներ բնակչությանը ջրով ապահովելու համար, վերանորոգվել կամ էլ կառուցվել են նոր ջրագծեր:

Ջավախքը հայտնի է իր ջրային ռեսուրսներով, բայց մինչև օրս էլ շատ գյուղերում հրատապ է խմելու և ոռոգման ջրի հիմնախնդիրը: Այս տարի Ախալքալաքի շրջանի 18 գյուղերի ջրամատակարարման համար ծախսվել է 1.718.000 լարի: Ընդհանուր առմամբ կառուցվել է 41 200 մետր ջրատարի գիծ:

Ինչպես հաղորդում է Ախալքալաքի շրջանային վարչության պաշտոնական կայքէջը, այս օրերին գործարկման է հանձնվել Սուլդա-Դադեշ-Բոզալի-Մյասնիկյան գյուղերի 25 կմ ջրատարի գիծը, որը պետք է խմելու ջրով ապահովի 4 գյուղի, մոտ 1000 մարդու:

Ջրատարը սկիզբ է առնում Խանչալի գյուղից: Դրա երկարությունը կազմում է 25 կմ, որի 17 կմ անցկացվել են բարձր ճնշման 110 մմ տրամագծի պլաստմասյա խողովակներով` 6 փականներով: Այս ջրատարի բարձրության տարբերությունը կազմում է 505 մետր: Տենդերի գումարը կազմում է 603 000 լարի:

Ավարտվել է նաև իր չափերով ու ծավալով, աշխատանքների ժամկետների տեսանկյունից մեծերից մեկը` Սամսար-Կոթելիա ջրատարի շինարարությունը, որի երկարությունը 14 կմ է, անցկացվել է 160 մմ տրամագծի պլաստմասյա խողովակներ: Այդ աշխատանքների համար տենդեր էր հայտարարվել անցյալ տարի և այն բաժանվել էր երկու փուլի` յուրաքանչյուրը 300 000 ական լարի արժողության: Անցյալ տարի կառուցվել էր ակունքային շինությունը և անցկացվել է ջրատարի գիծ 7.5 կմ երկարության, իսկ այս տարի տարվեց գծի մյուս մասը, ինչպես նաև կառուցվեց ջրի ավազան` 150 խորանարդ մետր տարածքով, ինչը հնարավորություն տվեց ապահովելու ջրի ցանկացած ծավալով Կոթելիա գյուղի բնակչությանը: Էլեկտրոնային հայտարարված մրցույթը հաղթել էին ՍՊԸ «Սեյսմոմեդեգոբան» ու ՍՊԸ «Ցոլակ Վարդիկյանը»:

Այս տարի ավարտվեցին նաև Կոթելիա գյուղի ներքին ջրատարի շինարարական աշխատանքները` Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրերով տարբեր գյուղերի համար տարվեցին աշխատանքներ խմելու ջրի համակարգի նորոգման համար. հայտարարվեց մրցույթ 285 000 լարիի չափով: Ինչպես հաղորդում է շրջանային վարչության կայք-էջը, այս մրցույթից խնայվեց 45 000 լարի: Այժմ ընթանում են աշխատանքներ Բեժանո-Տուրցխ /2200 մ/ երկարության ջրատարի փոխանակման ու նորացման համար: Այս նախագծի իրագործումը հնարավորություն կտա նվազեցնելու ջրամատակարարման ծանրաբեռնվածությունը կրճատելու է ջրի կորուստը: Նախահաշվի ընդհանուր գումարը կազմում է 198 000 լարի, որից 170 000 լարին ծրագրված է ծախսել մինչև տարեվերջ, իսկ 28 000 հազարը կգնա 400 մ երկարության 200 մմ տրամագծով պլաստմասյա խողովակներով ջրատարի անցկացման և ակունքային շինության նորոգման աշխատանքների համար: Այս փուլով քաղաքապետարանի գյուղերի ջրամատակարարման աշխատանքներն այս տարի կավարտվեն:

Շրջանային վարչության պաշտոնական տեղեկատվության համաձայն ջրով ապահովվեցին հետևյալ գյուղերը` Սուլդա, Օլավերդ, Կոթելիա, Կարզախ, Բուռնաշեթ, Կարտիկամ, Լոմատուրցխ, Խանդո, Վարևան, Մոդեգամ, Կոկիա, Չունչխա, Էխթիլա, Բոզալ, Մեծ Սամսար, Դադեշ, Դիլիսկա, Բավրա:

Աղունիկ Այվազյան