Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի համաձայն՝ ուղղված նպատակային սոցիալական աջակցությանը, միանվագ 300 լարիի չափով փոխհատուցում կարող են ստանալ նաև չգրանցված վարորդները, ովքեր մունիցիպալիտետի ներսում ուղևորների փոխադրմամբ են զբաղվել, աշակերտների փոխադրմամբ, ինչպես նաև նրանք, ովքեր գյուղատնտեսական արտադրանքները ռեստորաններին և այլ հաստատություններին են հանձնել:

Արտակարգ դրության ժամանակ եկամտի կորստի պատճառով փոխհատուցումը կսկսվի մայիսի երկրորդ կեսին: Նույն ժամանակ կսկսվի նաև այն մարդկանց գրանցման գործընթացը, ովքեր կորցրել են իրենց ամենօրյա եկամուտը:

Եկամուտների ծառայությունում գրանցված անձանց դեպքում իրավիճակն ավելի հեշտ է: Անընդհատ հարկային համակարգին փոխանցվող տեղեկատվությունը կծառայի որպես եկամուտի և դրա կորստի հիմնավորում:

Չգրանցված մարդիկ, ովքեր տնտեսական գործունեություն են ծավալել և դրանով գումար վաստակել՝ 2020 թվականի առաջին եռամսյակում, բայց ովքեր համավարակի պատճառով կորցրել են իրենց եկամուտը, պետք է ապացուցեն իրենց տնտեսական գործունեությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Jnews-ը, այդ փոխհատուցումը կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր զբաղվել են առևտրով և այլ տարբեր ծառայությունների մատուցմամբ, որոնք գործատու ընկերությունից կտրամադրեն տեղեկանք: Առանց ղեկավարության շուկաների դեպքում տեղեկանքը կարող է տրամադրել մունիցիպալիտետը:

Այսպիսով, փոխհատուցում ստացողների թվում են, օրինակ՝ երթուղային տաքսիների վարորդները, ովքեր քաղաքացիներին տեղափոխում էին գյուղից գյուղ կամ գյուղից քաղաք: Եթե նրանք չեն համագործակցել ավտոկայանի հետ, ապա նրանք կարող են որպես ապացույց ներկայացնել մունիցիպալիտետի կողմից տրված տեղեկանք:

Վարորդները, ովքեր աշակերտներին տեղափոխել են և գրանցված չեն, նույնպես կարող են փոխհատուցում ստանալ: Նրանք պետք է տրամադրեն տեղեկանք տրանսպորտի կազմակերպչից, որը պաշտոնապես գրանցված է որպես հարկատու և ծառայության համար վճարումը հաստատող փաստաթուղթ:

Փոխհատուցում կարող են ստանալ նաև այն մարդիկ, ովքեր մշտապես վաճառքի են հանձնել հուշանվերներ կամ գյուղատնտեսական արտադրանք են հանձնել ռեստորաններին և այլ հաստատություններին, բայց նրանք պետք է ներկայացնեն նախնական հաշվարկման փաստաթուղթ, ըստ որի՝ տեղի է ունեցել հանձնողի և ընդունող ընկերության միջև հանձնման-ընդունման գործընթացը:

Փոխհատուցումը կարող է հասնել նաև այն մարդկանց, ովքեր աշխատել են որպես դայակ, դասուսույց, հավաքարար կամ այլ ծառայություններ են մատուցել ֆիզիկական անձնանց: Թեև, անձը պետք է հաստատի այդ եկամուտը տեղեկանքով այն ընկերությունից, որը գրանցված է որպես հարկատու, որի միջոցով այդ անձը աշխատանքի է տեղավորվել գործատուի մոտ:

Ինչպես նաև փոխհատուցում ստանալու հրահանգում ասվում է, որ փոխհատուցում կարող է ստանալ յուրաքանչյուր ոք, ով տնտեսական գործունեություն է իրականացրել և եկամուտ է ստացել 2020 թվականի առաջին եռամսյակում, եթե նա կարող է եկամուտ ստանալու փաստն ապացուցել, օրինակ՝ բանկային փոխանցումների քաղվածքի միջոցով:

Որպեսզի մարդիկ միանվագ 300 լարիի չափով օգնությունը ստանան, նրանք պետք է Առողջապահության նախարարության www.moh.gov.ge կայքում լրացնեն էլեկտրոնային ձևաթուղթը, ոչ ուշ, քան հուլիսի 1-ը: Այս ձևաթուղթը հասանելի կլինի մայիսի 15-ից: Ձևաթղթում նրանք պետք է նշեն.

– Անուն, ազգանուն, անձնական համար
– Կոնտակտային տվյալները (փաստացի հասցեն և հեռախոսահամարը)
– Բանկային հաշվեհամարը
– Մինչև արտակարգ դրության հայտարարությունը եկամտի աղբյուրի մասին տեղեկատվությունը:

Աշխատանքը կորցրած անձի կողմից հայտադիմումը լրացնելուց հետո, երկու շաբաթվա ընթացքում հատուկ հանձնաժողովը կքննարկի յուրաքանչյուր դեպք և համապատասխան որոշումը կփոխանցի Զբաղվածության գործակալությանը, որը 10 օրվա ընթացքում պետք է հոգ տանի փոխհատուցման տրամադրման համար: