Ոստիկանությունը մեկ օրում Վրաստանում արտակարգ դրության և պարետային ժամի 156 խախտում է արձանագրել: Այս մասին հայտնում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը: Ոստիկանությունը շարունակում է 24-ժամյա հսկողություն իրականացնել: Իրավապահները ապրիլի 30-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 1-ի 06:00-ը պարետային ժամի խախտելու համար ամբողջ երկրի մասշտաբով 88 քաղաքացու են տուգանել:

Հանրային վայրերում 3-ից ավել մարդկանց հավաքվելու և 2 մետր հեռավորություն չպահելու համար ընդհանուր հաշվով տուգանվել է 61 քաղաքացի: Յոթ հոգի տուգանվել է տեղաշարժման և մեքենայում գտնվելու կանոնները խախտելու համար:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության պայմաններում գործող սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված միջոցներ:

Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 3 000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Խախտումները կրկնելու դեպքում հանցանքը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում: