Ջավախքի «SJGC» գազամատակարարման ընկերությունը հաղորդում է, որ պետությունն արդեն փոխանցել է բաժանորդների սուբսիդիաները: Նույնիսկ եթե բաժանորդի հաշվին մինուս է ցույց տալիս, միևնույն է, եթե նա սպառել է 200 խոր/մ-ից քիչ գազ, ապա նա կարող է չվճարել մարտ ամսվա համար:

«Կարող է ցույց տալ մինուս, եթե այն փոխանցվում է ուշացումով, բայց մարդկանց պետք չէ անհանգստանալ, գումարն արդեն իրենց հաշվին է: Հաջորդ ամիս ամեն ինչ ժամանակին կլինի», – ասում են գազամատակարարման ընկերությունից:

Ապրիլ ամսվա համար ընկերությունը կուղարկի բաժանորդների հաշվիչների արդեն նոր ցուցմունքները, և այն բաժանորդները, ովքեր օգտագործել են 200 խոր/մ-ից քիչ գազ, նորից կմիանան ծրագրին: Ելնելով նրանից, որ եղանակը տաքանում է, և ջեռուցման սպառումը նվազում է, կարելի է ենթադրել, որ հաջորդ ամիս Ջավախքը այս կոմունալ ծախսերի սուբսիդավորման ծրագրից օգտվող ավելի շատ շահառու կունենա:

Ախալքալաքի մունիցիպալիտետում մարտ ամսին գազի սպառման պետական սուբսիդավորուման ծրագրից օգտվում է 4015 բաժանորդ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 2820 բաժանորդ: Ըստ կոպիտ հաշվարկների, «SJGC» գազամատակարարման ընկերությունն ունի ավելի քան 17 000 բաժանորդ:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի (COVID-19) տարածման իրավիճակի պատճառով պետությունը որոշում էր կայացրել մարել բաժանորդների մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը, բայց միայն նրանց, ովքեր սպառել են մինչև 200 խորանարդ մետր բնական գազ և մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև ջրամատակարարման և աղբահանման համար: