Վրաստանի կառավարությունը ներկայացրել է հակաճգնաժամային ծրագիր՝ հաղթահարելու կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները: Ծրագրի հիմնական բաղադրիչներից մեկը բիզնեսին աջակցությունն է:

Վրացական իշխանությունները ծրագրում են մասնավոր հատվածին տրամադրել համաֆինանսավորման նոր մեխանիզմներ և վարկային երաշխիքներ:

Կգործարկվի ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատ մեխանիզմ: ԱԱՀ-ից ավելցուկի վերադարձը կրկնապատկվելու է: Այսպիսով, բյուջեից ԱԱՀ-ի փոխհատուցման ճանապարհով բիզնեսը լրացուցիչ 600 միլիոն լարի (189,1 միլիոն դոլար) կստանա:

Կոմերցիոն բանկերին կտրամադրվի 600 միլիոն լարի երկարաժամկետ ռեսուրս:

Բացի այդ, բիզնեսին աջակցելու համար կհատկացվի 500 միլիոն լարի (157,6 միլիոն լարի): Այդտեղից 300 միլիոն լարին (94,5 միլիոն դոլար) նախատեսված է վարկային երաշխավորման սխեմայի համար:

Հիմնականում վարկերը կտրամադրվեն փոքր և միջին բիզնեսին: Երաշխիքի տակ կընկնի 2 միլիարդ լարի ծավալով վարկային պորտֆելը: Նոր վարկի դեպքում բիզնեսը կկարողանա պետության կողմից ստանալ 90% երաշխիք: Կառավարության երաշխիքների հին պարտքերի վերակառուցումը կարող է հասնել 30%-ի:

Կառավարությունը կփոխի նաև «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրի շրջանակներում ձեռնարկատերերի համաֆինանսավորման պայմանները:

Վարկերի և շահառուների լիզինգի համաֆինանսավորման ժամկետը կաճի 24-ից 36 ամիս,

Կփոխվի տոկոսադրույքների համաֆինանսավորման մեխանիզմը,

Կընդլայնվի այն գործունեությունների ցանկը, որոնց ներկայացուցիչները կկարողանան դառնալ պետական ծրագրի շահառուներ,

Վարկերի կամ լիզինգի նվազագույն շեմը կնվազի,

Կավելանա շրջանառու միջոցների ֆինանսավորումը:

Ընդհանուր առմամբ, COVID-19-ի դեմ պայքարի բյուջեն սահմանված է 3,5 միլիարդ լարի: Դրա մեծ մասը նախատեսված է մասնավորապես բիզնեսին և արտադրությանն աջակցելու համար՝ ավելի քան 2,1 միլիարդ: Նախատեսվում է ավելի քան 1,3 միլիարդ հատկացնել Վրաստանի քաղաքացիների սոցիալական աջակցության համար: Առողջապահության ոլորտի ամրապնդման համար նախատեսված է 350 միլիոն լարի:

Մարտի կեսերին Վրաստանի կառավարությունը ներկայացրել էր զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի ընկերություններին աջակցման ծրագիր: Նրանք առաջինն էին, ովքեր վնաս կրեցին համավարակի պատճառով:

Չորս ամսով` մինչև 2020 թվականի նոյեմբերի 1-ը, նման ընկերությունները ստացել են եկամտահարկի և գույքահարկի վճարման հետաձգում: Կառավարությունը նշում է, որ մոտ 4,5 հազար ձեռնարկատեր արդեն օգտվել է այդ հնարավորությունից:

Իշխանությունը որոշել է նաև վեց ամսով սուբսիդավորել ոչ մեծ հյուրանոցների վարկերի տոկոսները (մինչև 80%): Դրա համար հատկացվել է 10 միլիոն լարի: Արդեն սուբսիդավորումից օգտվել է 850 հյուրանոց:

Ներմուծված մեքենաների մաքսազերծման ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 1-ը: Մինչ օրս հետաձգումից օգտվել է 38 հազար ներմուծող:

Բոլոր իրավաբանական անձանց վարկերի վերակառուցավորման հնարավորություն է տրվել:

200 միլիոն լարի մոբիլիզացվել է բոլոր ենթակառուցվածքային նախագծերը պահպանելու համար: Կառավարությունը սուբսիդավորելու է շինանյութերի գների տարբերությունը՝ հաշվի առնելով գնաճը: