Պատգամավոր Վարազդատ Արզումանյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապացկությամբ գրավոր դիմում է ներկայացրել, որպեսզի Նինոծմինդայի Սակրեբուլոն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ցեղասպանությունը դատապարտող և կանխարգելող հայտարարությամբ հանդես գա: Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի խոսքերով, պատգամավորի դիմումը նախ պետք է անցնի իրավաբանական հանձնաժողով, այնուհետև բյուրո, որ հասնի Սակրեբուլոյի նիստ:

Ապրիլի 22-ին, Նինոծմինդայի Սակրեբուլոյում Եվրոպական Վրաստան կուսակցության պատգամավոր Վարազդատ Արզումանյանը գրավոր դիմում է ներկայացրել շրջանի օրենդիր մարմին: Դիմումում մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, Հայ և Վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, երկու երկրների կողմից մարդկույթան դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման քայլերը տարբեր միջազգային կազմակերպություններում, մտովի ի մի բերելով՝ Վրաստանում և մասնավորապես Նինոծմինդայի մունիցիպալիտետի կողմից կազմակերպված ոչ ինստիտուցիոնալ, բայց ամեն դեպքում կազմակերպված միջոցառումների հետագիծը, մյուս կողմից ազգաբնակչության արդարացի ակնկալիքն, առաջարկում եմ Սակրեբուլոյի ընդհանուր ժողովին օգտագործել իրեն տրված լիազորությունների գործիքակազմը և հանդես գալ դատապարտող և կանխարգելող հայտարարությամբ:

Հայոց Մեծ Եղեռնի 105-ամյա տարելիցի կապակցությամբ հանդես գալ հայտարարությամբ՝ ցեղասպանությունների հիշատակման և մարդկության դեմ ցեղասպանությունների կանխարգելման թեմայով»,- նշված է նամակում:

Jnews-ի հետ հեռախոսազրույցում Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը հաստատեց, որ նամակն ստացել են, սակայն այն նախ պետք է որոշակի ընթացակարգեր անցի:

«Նինոծմինդայի Սակրեբուլոն նամակն ստացել է, այն նախ պետք է իրավաբանական հանձնաժողովը քննարկի և որոշի ներկայացնել Սակրեբուլոյի բյուրո, որից հետո կսկսվեն քննարկումները հենց Սակրեբուլոյի նիստում: Օրենքով այս ընթացակարգերն անցնելու համար 10 օր է հարկավոր, թե հետագայում ինչ որոոշում կընդունվի ես հիմա չեմ կարող ասել»,- ասաց Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը: