Այսօր՝ ապրիլի 23-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի բոլոր գյուղերի մասնագետներն ու լիազորները ստացել են տրանսպորտով տեղաշարժվելու հատուկ անցագիր, որպեսզի օգնեն գյուղի բնակչությանը՝ ինչպես հրատապ անհրաժեշտության դեպքում, այնպես էլ ապրանքներ գնելու հարցում:

Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի բնակիչները կարող են դիմել մասնագետին կամ իրենց գյուղի լիազորված անձին, եթե կա անհապաղ կապի անհրաժեշտություն քաղաքի հետ կամ նույնիսկ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու առումով: Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետի, բոլոր գյուղերն ապահովված են ծառայողական մեքենայով, նաև կա այնպիսի անձ, ով իրավունք ունի վարել մեքենան՝ համընդհանուր արգելքի պայմաններում:

«Եթե հանկարծ գյուղի բնակիչը կարիք ունենա, կամ եթե նրան պետք է հիվանդանոց կամ դեղատուն դիմել, ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան է պատահել, նա կարող է կապվել իր գյուղի լիազորված անձի կամ մասնագետի հետ, և նա կապահովի տրանսպորտավորումը կամ կապահովի այն ամենով, ինչն անհրաժեշտ է, իսկ ապրանքի գնման դեպքում կրկին բնակիչները պետք է կապվեն լիազորված անձի հետ, նա մի քանի բնակիչների «պատվերները» կհավաքի և օրական մեկ անգամ կամ մի քանի անգամ՝ կախված անհրաժեշտությունից, կգնա սննդամթերք գնելու», – ասել է Արմեն Մառանգոզյանը:

Ըստ նրա, որոշ լիազորներ արդեն սկսել են իրականացնել այդ աշխատանքը և օգնել գյուղացիներին մթերքների ձեռքբերման հարցում:

Հարկ է նշել, որ մինչև ապրիլի 27-ը Վրաստանի տարածքում ուժի մեջ է ավտոմեքենաներով տեղաշարժման արգելքը: Բացառություն են կազմում գործող կազմակերպությունների աշխատակիցները, ովքեր անցագրեր ունեն, նաև բացառություն է գործում բոլոր ֆերմերների համար, եթե նրանք տեղաշարժվում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով, բայց նրանց թույլատրվում է մեքենայով երթևեկել սահմանափակ ժամանակով՝ միայն առավոտյան 06:00-ից մինչև 08:00-ը և երեկոյան 18:00-ից մինչև 19:00-ն: