Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով թուրքական ընկերությունների ապրանքներով 940 մետրանոց բեռնատար գնացք է ուղարկվել՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի սպառողներին:

Այս մասին շաբաթ օրը «Անադոլու» գործակալությանը հայտնել էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն:

Ըստ նախարարի՝ շաբաթ օրը 82 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը կանցնի Թուրքիայի և Վրաստանի սահմանը:

«Սա ամենաերկար կազմն է ԲԹԿ երկաթուղու բացումից ի վեր: Ինը օրվա ընթացքում թուրքական ընկերությունների արտադրանքը կբաշխվի չորս երկրների միջև», – ասել է Տրանսպորտի նախարարության ղեկավարը:

Նախարարն ուշադրություն է հրավիրել համաշխարհային արտահանման մատակարարումների կտրուկ կրճատման վրա` նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ֆոնին:

«Վերջին ամիսներին մենք նվազագույնի հասցրեցինք մարդկային գործոնը երկաթգծերում և խաղադրույք կատարեցինք բեռնափոխադրումների հոսքի մեծացման վրա: Արտահանողական բեռների մի մասը սկսվեց նաև առաքվել ԲԹԿ երկաթուղով, որտեղ նախքան բեռնելը բոլոր սանիտարական պահանջները հաշվի են առնվում», – նշել է Քարաիսմայիլօղլուն:

Վերջինիս խոսքով՝ բեռնատար գնացքն արդեն դուրս է եկել Կարս արևելյան նահանգից՝ Վրաստանի սահմանի ուղղությամբ: «Բեռնակազմը բեռնված է տնտեսության բազմաթիվ ոլորտների արտադրությունների ապրանքներով: Ի թիվս այլ ապրանքների, բարեկամ երկրներ են ուղարկվել հիգիենայի պարագաներ և ավտոպահեստամասեր», – հայտարարել է նախարարը:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությունը տեղի էր ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ: