Ախալքալաքում իրականացվող բարեգործական ակցիան, ուղղված կորոնավիրուսի և դրա հետևանքների դեմ պայքարին, ավելի է ընդարձակվում: Արդեն 6 ձեռնարկատեր կարիքավորներին բաժանել են սնունդ և հիգիենայի տարբեր միջոցներ: Մեկ գործարար պատրաստվում է դրամական օգնություն տրամադրել 50 կարիքավոր մարդկանց, իսկ քաղաքի հացատներից մեկում այսօր հացը տալիս են անվճար:

Այսօր ակցիային միացան երիտասարդ ձեռնարկատեր Վալոդյա Ավետիսյանը և հացի փռի սեփականատեր Կախա Զեդգինիձեն:

Կախա Զեդգինիձեն տեսանյութ է ուղարկել, որում ասում է, որ տեսնելով, որ իր ընկերը բարեգործություն է անում, ինքը նույնպես որոշել է ընդունել մարտահրավերը, նա այսօր՝ ապրիլի 12-ին, բոլորին անվճար հաց է առաջարկում: Նրա հացատունը գտնվում է ք.Ախալքալաք, Ջավախեթյան 88 հասցեում:

akcia_kaxa

Օգնության արշավին որոշել է նաև միանալ շինանյութերի խանութի սեփականատեր Վալոդյա Ավետիսյանը: Նա պատրաստվում է 20-ական լարի բաժանել կարիքավոր 50 մարդկանց: 50 հոգուն կամ ընտանիքին ընտրելու համար նա դիմել է քաղաքապետարանին, որպեսզի նրան տրամադրեն կարիքավորների ցուցակը:

akcia_stroy_dom

Ապրիլի 11-ին, իր օգնությունն է ցուցաբերել նաև ձեռնարկատեր, տնտեսական խանութի սեփականատեր Նորիկ Իրիցյանը: Նորիկ Իրիցյանը պատրաստել է հիգիենայի միջոցներով 35 փաթեթ: Այս փաթեթները բաժանվել են Չունչխա, Պտենա, Դիլիսկա և Գումբուրդո գյուղերում, այդ գյուղերի քաղաքապետի ներկայացուցիչների և կամավորների օգնությամբ:

ognutyun

«Վլադ» խանութը պատրաստել է առաջին անհրաժեշտության մթերքներով 30 փաթեթ և դրանք բաժանել Խանդո, Արագվա, Սուլդա գյուղերում: Այն բաժանվել է կամավորների օգնությամբ, որոնք ներգրավված են կարիքավորներին օգնություն ցուցաբերելու ծրագրում, որը կազմակերպվել է հատուկ կորոնավիրուսը կանխելու և համաճարակից տուժածներին աջակցության միջոցառումների շրջանակներում:

ognutyun1

Նույն օրը՝ ապրիլի 11-ին, ձեռնարկատեր Ռոբերտ Հակոբյանը նույնպես օգնություն է ցուցաբերել 150 կարիքավոր ընտանիքների և մարդկանց: Փաթեթներում ներառված էին առաջնային անհրաժեշտության մթերքներ` յուրաքանչյուրը 30 լարիի արժողությամբ: Կարիքավորների ցուցակը տրամադրվել է քաղաքապետարանի կողմից, իսկ դրանց բաժանումը կազմակերպել է ձեռնարկատերը՝ իր ընտանիքի հետ միասին:

11

Ախալքալաքի տեղական իշխանությունների նախաձեռնությամբ, մունիցիպալիտետի որոշ բիզնես-օբյեկտներ սկսել են օգնել կարիքավորներին: Նախնական փուլում ակցիային միացել էին երկու բիզնես-օբյեկտ՝ «Օրանժ» խանութը՝ ի դեմս գործարար Ռուբեն Գալստյանի և ՍՊԸ «Վան»-ը, որը հայտնի է Վանիկի մեծածախ խանութ անվամբ: Խանութները պատրաստել էին առաջնային անհրաժեշտության մթերքներով 50 տոպրակ: Կամավորները, ովքեր ստեղծված իրավիճակում օգնում են կարիքավորներին, բաժանվել էին 2 հոգուց բաղկացած 3 խմբի և քաղաքապետարանի մեքենաներով սկսել էին սնունդը հասցնել հասցեատերերին:
Առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթի մեջ եղել են 30 լարի արժողությամբ մթերքներ: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ տոպրակները բաժանել են 100 ընտանիքի, որոնք Սոցիալական ծառայության գործակալության ցուցակներում նշված են որպես կարիքավոր:

Ախալքալաքի տեղական իշխանությունները գործարարների հետ օգնում են կարիքավորներին

Ապրիլի 8-ին, ձեռնարկատեր Արթուր Ֆարմանյանը Ախալքալաքի 30 կարիքավոր ընտանիքների և բնակիչների բաժանել էր մեկական պարկ 25 կիլոգրամանոց ալյուր: Բաժանման ընթացքում նրան օգնել էին կամավորները, իսկ կարիքավորների անունները տրամադրել էր Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական ծառայությունը՝ մունիցիպալիտետի սոցիալապես անապահովների ցանկից:

Ախալքալաքում շարունակվում է կարիքավոր մարդկանց օգնության ակցիան