Հարկադիր մեկուսացման պայմաններում Վրաստանում ընտանեկան բռնության և կանանց նկատմամբ բռնության դեպքերի թիվը չի աճել: Այս մասին ասված է կառավարության վարչակազմի կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Ամբողջ աշխարհում իրավապաշտպանները նախազգուշացնում են կարանտինի ընթացքում ընտանեկան բռնության աճի մասին: Սահմանափակ տարածության մեջ գտնվող մարդիկ անհանգստություն են դրսևորում և ազդում են իրենց հարազատների վրա, հատկապես կանանց, երեխաներին և տարեցներին:

Ըստ «BBC»-ի ռուսական ծառայության, Չինաստանի Հուբեյ նահանգում, որից սկսվել է COVID-19-ի տարածումը, կարանտինի ընթացքում ոստիկանություն զանգերի քանակը եռապատկվել է: Ֆրանսիայում կարանտինի առաջին շաբաթվա ընթացքում ընտանեկան բռնությունն աճել է 32%-ով: Ավելի հաճախ կանայք սկսել են ոստիկանություն դիմել ընտանեկան բռնության համար՝ Ավստրալիայում, Բրազիլիայում, Դանիայում, Իսպանիայում և Կիպրոսում:

«Աշխարհում բռնության աճող ռիսկն անվանվում է ներկայիս ճգնաժամի վերլուծության մարտահրավերներից մեկը: Վրաստանում, համաճարակի ֆոնի վրա, այս փուլում ընտանեկան բռնության դեպքերի թվի աճ չի արձանագրվել: Այնուամենայնիվ, տնտեսական և սոցիալական ռիսկերի հետ մեկտեղ, պետությունը մշտապես վերահսկում է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության ռիսկերը», – ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի տեղեկատվության մեջ:

Այս թեման քննարկվել է ընտանեկան բռնության, կանանց նկատմամբ բռնության և գենդերային հավասարության միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

Կառավարության վարչակազմը հիշեցնում է, որ Վրաստանում բռնության զոհերի համար շարունակվում է գործել խորհրդակցական «թեժ գիծ»՝ 116 006: Բոլոր զանգահարողներին տրվում է անվճար իրավաբանական խորհրդատվություն և հոգեբանական օգնություն: Օպերատորները խոսում են ութ լեզուներով՝ վրացերեն, անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, հայերեն, արաբերեն և պարսկերեն: Խորհրդակցություններն անվճար են, երաշխավորում է անանունությունը:

Բացի այդ, չնայած համընդհանուր կարանտինին, Վրաստանում շարունակում են բաց մնալ ընտանեկան բռնության զոհերի համար ապաստարանները և ճգնաժամային կենտրոնները:

Մոտ ժամանակներս զոհերը հնարավորություն կունենան նաև աջակցության համար դիմել հեռահար հոգեբանական խորհրդատվական ծառայությանը:

Ընտանեկան բռնության փաստը հնարավոր է հաղորդել ոստիկանությանը` զանգահարելով «112» կամ «Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի» բջջային հավելվածի միջոցով:

Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի վիճակագրության՝ ընտանեկան բռնությունն ու կանանց նկատմամբ բռնությունը երկրում ընդհանուր հանցագործությունների երրորդ տեղում են:

Նյութը՝ «Новости-Грузия»-ից