Այս տարի, ապրիլի 12-ին, Հայ Առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները կտոնեն Սուրբ Զատիկը, սակայն արտակարգ դրության, կարանտինի և շատ երկրներում կորոնավիրուսի դեմ կանխարգելման խիստ միջոցների պատճառով, Զատիկն այս տարի կնշվի ոչ այնպես, ինչպես միշտ: Ելնելով մարդկանց տրամադրվածությունից, այդպես կլինի նաև Ախալքալաքում:

Սովորաբար, նախազատկական ողջ շրջանը՝ Մեծ պահքից մինչև Հարություն, ուղեկցվում է բազմաթիվ արարողություններով, սակայն այս տարի այս արարողություններն անցկացվում են դռնփակ, առանց հավատացյալների ներկայության: ՀԱԵ-ն որոշեց ձեռնարկել այս միջոցները` պաշտպանելու իր հավատացյալներին արագ տարածվող COVID-19 վիրուսից:

Այնպես որ, ՀԱԵ-ի ախալքալաքցի հավատացյալներն այս կիրակի տոնելու են Զատիկը, այնուամենայնիվ, եթե նախկինում բոլորը միանշանակ նշում էին այս տոնը և տոնից առաջ նախապատրաստվում էին այնպես, ինչպես Ամանորին, ապա այս տարի ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ:

Եթե չես կարող եկեղեցի գնալ, ուրեմն պետք չէ տոնել Զատիկը, այսպես են կարծում մեր կողմից հարցված Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ բնակիչներ:

«Ոչինչ չենք անելու, չի կարելի եկեղեցի գնալ և չենք պատրաստվում հավկիթ ներկել: Կորոնավիրուսի պատճառով է: Ինչպես կասեն, այդպես էլ կանենք», – ասում է Բավրա գյուղի բնակիչը:

Մյուսները պատրաստվում են այս բոլորի կողմից սիրելի տոնը նշել գոնե տնային պայմաններում:

«Նշելու ենք, եթե մեզ թույլ տրվի գնալ եկեղեցի և գերեզմանատուն, ապա կգնանք», – ասում է Ախալքալաքի բնակիչը:

Կան մարդիկ, ովքեր նույնպես տոնելու են Զատիկը, բայց առանց եկեղեցական ծիսակարգերին մասնակցելու:

«Իհարկե, չի կարելի գնալ եկեղեցի, բայց մենք տանը պատրաստելու ենք և ավանդական ղափամա, և ձուկ, իհարկե ձու ևս կներկենք: Ցավոք այս տարի դժվար կլինի գտնել ներկ, բայց կա ավանդական մեթոդ՝ սոխի կեղևը: Մենք կփորձենք ուրախացնել երեխաներին այս սահմանափակ պայմաններում», – ասում է Ախալքալաքի բնակիչը:

«Կնշենք ինչպես միշտ: Իհարկե, տանը, ինչպես ընդունված է», – ասում է Ախալքալաքի բնակիչ Գոհարը:

Ախալքալաքում Զատկի երկրորդ օրն ընդունված է գնալ գերեզմանոց՝ նախնիների հիշատակը հարգելու համար: Եվ քանի որ կան սահմանափակումներ, որ չի թույլատրվում մեկ վայրում հավաքվել ավելի քան 3 հոգի, մարդիկ շփոթության մեջ են՝ կարելի է գնալ գերեզմանոց, թե՞ ոչ: Տեղի իշխանությունները դեռ ոչինչ չեն հայտարարում սրա վերաբերյալ:

«Ամեն տարի պարզապես գնում էինք գերեզմանոց, ուրիշ ոչինչ չկար: Եվ քանի որ այս տարի հնարավոր չէ գնալ, ապա մենք չենք գնա», – ասում է Ախալքալաքի բնակիչը:

Եթե նախորդ տարի այս ժամանակ Ախալքալաքում իրարանցում էր, ապա այս տարի շատ հանգիստ է: Ինչից բողոքում են թե մրգերի, և թե այլ ապրանքների վաճառողները:

«Մարդիկ այս պայմաններում ուրախանալու ցանկություն չունեն: Նրանք ոչ մի բան չեն գնում», – ասում է Ախալքալաքի կենտրոնում գտնվող խանութի վաճառողը:

Քրիստինե Մարաբյան