Jnews.ge-ն զրուցել է փիլիսոփա և քաղաքագետ, Իլիա Ճավճավաձեի անվան համալսարանի պրոֆեսոր և Կովկասի Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտի նախագահ Գիա Նոդիայի հետ՝ վրացական իշխանությունների վարկանիշի բարձրացման, առաջիկա ընտրությունների, փոփոխությունների և այլնի մասին:

– Որքա՞ն է կորոնավիրուսը բարձրացրել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հեղինակությունը:

– Կարծում եմ, որ բարձրացրել է երկու պատճառով: Առաջինն այն է, որ ճգնաժամի պահին հասարակությունը միշտ ինչ-որ կերպ համախմբվում է ինչ-որ հեղինակության շուրջ, այս դեպքում՝ իշխանությունների շուրջ: Երկրորդն այն է, որ մինչ այժմ, համենայնդեպս, կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները շատ հաջող են, վիրուսը տարածվում է ավելի քիչ, քան մյուս երկրներում: Այսպիսով, կառավարությունը կարող է ցույց տալ և ասել, որ իր քաղաքականությունը հաջող է, և շատերն են հավատում դրան:

– Տարին նախընտրական է, և դեռ ոչ ոք չի չեղարկել ընտրությունները: Եվ, բնականաբար, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը փորձում են դրսևորել իրենց, և՛ դրական ձևով, և՛ հակառակը: Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպը՝ նախկին և ներկա պատգամավորների փոխահրաձգությունը, որքանո՞վ էր քաղաքական:

– Ընդդիմությունը նույնպես փորձում է ակտիվ լինել, և դա բնական է: Այժմ բոլորը մտածում և խոսում են վիրուսի մասին, նրանք, բնականաբար, ցանկանում են իրենց ցույց տալ, որ ահա, մենք նույնպես ինչ-որ կերպ մտահոգվում ենք բնակչության մասին: Ինչ վերաբերում է Ախալքալաքում տեղի ունեցած փոխհրաձգությանը, ապա ինձ համար դժվար է դատել, բայց, հավանաբար, ինչ-ինչ կլանային հաշիվներ են, դժվար թե դա կապված լինի մեծ քաղաքականության հետ:

– Տարեվերջին պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ, մինչդեռ դա չեղյալ չեն հայտարարել, սակայն, հաշվի առնելով պանդեմիայի հետ կապված անորոշ ապագան, արդյո՞ք ընտրությունները տեղի կունենան:

– Անհնար է հիմա միանշանակ ասել: Նախագահը համենայնդեպս ասաց, որ ընտրությունները կարող են լինել արտակարգ դրության ավարտից 6 ամիս անց, բայց ինձ թվում է, որ արտակարգ դրությունը կերկարաձգվի: Վստահ չեմ, բայց հնարավոր է: Դրա մեծ հավանականությունը կա: Հետևաբար, մենք չենք կարող վստահ լինել՝ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերին, թե՞ ոչ:

– Անդրադարձ կատարելով նախակրոնավիրուսային իրավիճակին, երբ 2019-ի հունիսյան իրադարձությունների պատճառով տեղի ունեցան լայնածավալ բողոքի ցույցեր, կամ համամասնական ընտրակարգի կիրառումից հրաժարվելով՝ իշխանություններն ունեին հեղինակության բավականին ցածր մակարդակ, հիմա իրավիճակը փոխվել է, սպասվո՞ւմ են ընտրությունների այլ արդյունքներ:

– Իհարկե կարող են: Կառավարությունը հույսը դնում է դրա վրա, հույս ունի և միգուցե այդ հույսերը իրականություն կդառնան, բայց մյուս կողմից՝ իրավիճակը կարող է արագ փոխվել: Հիմա մարդիկ կարծում են, որ այնտեղ խոսակցությունների 80-90%-ը վիրուսի մասին են, և արդյո՞ք համաճարակի բռնկումն ավելի ինտենսիվ կլինի, թե ոչ, բայց եթե մարդիկ ինչ-որ կերպ հանդարտվեն համաճարակի հետ կապված և մի քանի ամիս անցնի, ապա առաջին հերթին տնտեսական խնդիրները կհայտնվեն, իսկ ձեռնարկված միջոցառումները շատ ցավոտ հարվածեցին տնտեսությանը, և այժմ մարդիկ ինչ-որ չափով դա ավելի քիչ են զգում, բայց հետո տնտեսական խնդիրներն ի հայտ կգան: Մենք չենք կարող վստահ լինել, որ իշխանությունների նկատմամբ վստահությունը կպահպանվի:

– Ընտրություններից առաջ իշխանությունները զիջումների գնացին ընդդիմությանը, երկար բողոքի ցույցերից հետո, բայց կրկին, երբ ավելի արդիական խնդիր առաջացավ, նրանք այլևս չհիշեցին այդ զիջումների մասին, խոսքը գնում էր պատգամավորների թիվը համամասնականի համաձայն ավելացնելու մասին և այլն: Որքանո՞վ է հավանական, որ իշխանություններն այս անգամ նույնպես կմտափոխվեն:

– Ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց այստեղ ուշագրավ է, որ հիմնականում որոշումները կայացվել են ոչ այնքան հասարակության ճնշման տակ, որքան արտաքին ուժերի: Որոշիչ գործոնը արևմուտքի ճնշումն էր: Եվ, ամենայն հավանականությամբ, «Վրացական երազանքն» իր տեղը զիջեց արևմուտքին, այլ ոչ թե ներքիններին՝ ընդդիմությանը կամ սեփական հասարակությանը: Այնպես որ, Արևմուտքի աջակցությունը միևնույն է կմնա կարևոր գործոն: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, որ կառավարությունը կգնա դրան, այսինքն՝ կհրաժարվի այդ զիջումներից, իսկ այն, որ նրա վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է, դա ավելի շուտ գործոն է հօգուտ նրա, որ կառավարությունը չի տեսնում առկա ընտրական համակարգը պահպանելու անհրաժեշտություն, այն ավելի վստահ կլինի նրանում, որ կկարողանա հաղթանակ տանել նոր փոփոխված ընտրական համակարգի պայմաններում: