Ապրիլի 7-ը Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է: Այս օրը Հայաստանում հայտարարված է մայրության օրհնության օր: Ախալքալաքում նույնպես նշում են այս տոնը, բայց այսօր այն այստեղ անցավ առանց ծաղկեփնջերի և նվերների, միայն շնորհավորական SMS հաղորդագրություններով:

Ախալքալաքում մայրության և գեղեցկության տոնը մասսայականորեն չի նշվում, բայց չի էլ անտեսվում: Ապրիլի 7-ը չի նշվում այնպես, ինչպես մարտի 8-ը, բայց ծաղիկների բիզնեսն այս օրը հիմնականում ակտիվանում է:

Այս տարի, կորոնավիրուսի և համընդհանուր կարանտինի ֆոնին, մարդիկ այս օրը տոնելու տրամադրություն չունեն:

Ոչ մի մարդու փողոցներում չտեսանք ծաղիկները ձեռքին: Մարդկանց դեմքերն այնքան մտահոգված ու մռայլ էին, որ չէինք էլ ուզում նույնիսկ տոնի մասին հարցնել: Բայց, այնուամենայնիվ, մենք որոշեցինք մի քանի մարդկանց հարցնել, պարզելու, արդյոք նրանք հիշում են այս տոնի մասին:

Պարզվեց, որ երիտասարդները քիչ թե շատ տոնական տրամադրություն ունեն, իսկ մեծահասակներն ասում էին՝ «ինչ տոն»:

«Այո, ես գիտեմ, ֆեյսբուքում առավոտվանից շնորհավորական բացիկներ եմ ստանում, և իմ ընկերներիս հեռախոսազանգերը սկսվում են շնորհավորանքներով: Բայց ոչ ոք ծաղիկներ և նվերներ չի տվել», – ասաց քաղաքի բնակչուհիներց մեկը:

Մի կին ասաց, որ գիտի տոնի մասին, անգամ ամուսինն է շնորհավորել, չնայած նվերներ չի նվիրել, նա պարզապես այնքան խնդիրների մեջ է խրված, որ տոնի մասին մտածելու ժամանակ չունի:

«Ինչպես ենք մենք ապրելու, ամուսինս չկարողացավ գնալ արտագնա աշխատանքի, աշխատանք չկա, ինչ անենք չգիտենք, ինչ տոնի մասին է խոսքը», – ասաց նա:

Նույնիսկ նրանք, ովքեր կփորձեին ծաղիկներ և նվերներ գտնել իրենց մայրերի և կանանց համար, ամենայն հավանականությամբ նրանց դա չէր հաջողվի, որովհետև նվերների և ծաղկի խանութները փակ էին, իսկ նրանք, ովքեր աշխատում էին առաքմամբ, կամ տնից էին վաճառում, ծաղիկներ չունեին:

«Ոչ ծաղիկներ ունենք, և ոչ էլ պատվերներ, մենք արդեն այն ինչ ունեինք վաճառել ենք, սակայն ծաղիկներ պատվիրելու զանգեր այսօր չեն էլ եղել: Կարանտինի ընթացքում ծաղիկները փչացան, որովհետև գնորդներ չկային», – ասաց ծաղկավաճառներից մեկը:

Մեկ այլ խանութի ծաղկավաճառը, որը նույնպես աշխատում է առաքմամբ, այսօր նույնպես ծաղկի պատվերներ չի ստացել:

«Ծաղիկներ չկան, ինչ ունեինք վաճառվել է, իսկ հիմա չենք կարող բերել, ճանապարհները փակ են»: