Ախալքալաքի գյուղատնտեսական շուկան վաղը, ախտահանման նպատակով, երեք օրով կփակվի: Սակայն, դրանից հետո էլ հայտնի չէ շուկան կբացվի, թե՝ ոչ:

Ամբողջ Վրաստանում գյուղատնտեսական շուկաները փակվում են: Վաղը Ախալքալաքի շուկայում անցկացվելու են ախտահանման միջոցառումներ: Ախտահանումից հետո շուկան առնվազն երեք օր չի գործելու: Սակայն, քանի որ շուկաները փակվում են ամբողջ երկրում, բացառված չէ, որ Ախալքալաքի շուկան 3 օր հետո չբացվի:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասաց, որ այսօր նրանք շուկայի հարակից՝ Նալբանդյան փողոցի հատվածում արդեն սկսել են ախտահանման աշխատանքները, և վաղը կաշխատեն շուկայի ներսում:

«Մենք կմշակենք քլորով, կլվանանք և կախտահանենք շուկայի տարածքը, ախտահանելուց հետո չի թույլատրվում երեք օր այնտեղ առևտուր անել: Սա մարզպետի կարգադրությունն է, շուկան կփակվի անորոշ ժամկետով», – ասաց Արմեն Բիչախչյանը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ վաղը շուկան կփակվի, բայց երեք օրից այն կբացվի, թե ոչ, դեռևս չի կարող ասել:

«Ես դեռ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ կա բոլոր շուկաները փակելու պետական հրաման: Երեք օրվա ընթացքում մենք կտեսնենք, թե ինչ հրաման կլինի և այդպես էլ կվարվենք», – ասաց նա:

Այսօր՝ առավոտյան ժամը յոթին, սպասարկման կենտրոնի աշխատակիցները հեռացրել են Նալբանդյան փողոցի բոլոր առևտրային սեղանները՝ Աշուղ Հավասու խաչմերուկից սկսած մինչև Ռուսթավելի խաչմերուկ: Աշխատակիցները փողոցն ազատել են առևտրային սեղաններից:

rinok1

Փողոցի այս հատվածն ավլել և լվացել են հատուկ լուծույթով:

Այս փողոցի վաճառականները մտել են շուկայի մեջ և այսօր այնտեղ են առևտուր արել:

rinokk

Արմեն Բիչախչյանի խոսքերով, առևտրականները նախազգուշացված են եղել այսօր կատարվելիք մաքրման մասին, բայց ոչ բոլորն են հեռացրել իրենց սեղանները:

« Մեկ օր առաջ նրանք նախազգուշացվել էին, բայց ոչ բոլորն էին հեռացրել առևտրի սեղանները, և մենք ստիպված եղանք հանել այս ամենը և տանել նախկին «Սելխոզ տեխնիկայի» բակ: Այսօր 3 անգամ մեքենան հատուկ լուծույթով լվացել է փողոցը: Վաղը և վաղը չէ մյուս օրը մենք կախտահանենք փողոցն ու մայթերը: Այսօր չարեցինք, քանի որ փողոցը թաց է, և քլորի ազդեցությունը կթուլանա», – ասաց Արմեն Բիչախչյանը:

Գյուղատնտեսական բոլոր շուկաները փակելու որոշումը պետությունը կայացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Օրեր առաջ Վրաստանի մի շարք քաղաքներում շուկաները փակվել են: Թբիլիսիի գյուղատնտեսական շուկաները փակվել են այսօր: