Երեկ, ապրիլի 5-ին «Մթավարի» հեռուստաընկերության PostFactum հաղորդման շրջանակներում եթեր է գնացել «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որտեղ հաղորդավարը հակահայկական, խտրականություն պարունակող հայտարարություն է արել: Նշված հաղորդումն այսպես է որակել «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան»:

«2020 թվականի ապրիլի 5-ին «Մթավարի» հեռուստաընկերության PostFactum հաղորդման շրջանակներում եթեր է գնացել «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: Սյուժեից հետո հաղորդավար Գիորգի Գաբունիան արմենոֆոբ հայտարարություն է արել»,- նշված է հայտարարությունում:

Տեսանյութում վրաց գիտնականներն իրենց տեսակետներն են հայտնում, թե հնարավոր է հարցը գենետիկական կոդին է առնչվում, և հենց վրացական գեն կրող մարդիկ են կարողանում ավելի հեշտ հաղթահարել վիրուսը:

Սյուժեի ավարտին Գաբունիան հայտարարել է, որ սպասում է նաև հայ գիտնականների կարծիքներին:

«Շատ հետաքրքիր է՝ մեր հարևանները ո՞ր գենետիկական խմբին են պատկանում: Վստահ եմ՝ կպարզվի, որ նրանց ԴՆԹ-ն վրացիներից ավելի ուժեղ է և կորոնավիրուսին միանգամից վերացնում է, նույնիսկ պատվաստման և դեղամիջոցների կարիք չունեն»,- ասել է Գաբունիան:

Վրաստանի «Լրագրողական էթիկայի խարտիայի» գնահատմամբ, հեռուստաընկերության կողմից տարածված նյութը «ռասիզմ է պարունակում, այլատյացություն քարոզում՝ խրախուսելով էթնիկ պատկանելիությամբ խտրականությունը»:

«Անհասկանալի է, թե ինչ նպատակ ունի PostFactum-ում միայն կարծիքների վրա հիմնված տեսություններ տարածելը, որոնք վրացական գենի առավելության հետ են կապված: Սա կարող է վնաս հասցնել քաղաքացիներին և այլատյացություն տարածել»,- նշված է հայտարարությունում:

Կազմակերպությունը նշում է, որ բազմիցս է դիմել լրագրողներին՝ հատուկ զգուշությամբ լուսաբանել Covid-19-ի հետ կապված նյութերը՝ հրապարակելով միայն ճշգրիտ տեղեկատվություն:

Նշենք, որ այս հայտարարությունը երեկվանից բուռն քննարման թեմա է դարձել facebook սոցիալական տիրույթում: