Անցած 24 ժամվա ընթացքում ոստիկանության աշխատակիցները 238 տուգանք են սահմանել արտակարգ դրության կանոնները խախտելու համար: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 21-ին Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել: Մարտի 31-ից երկիրում սահմանվել էր համընդհանուր կարանտին և պարետային ժամ՝ 21:00-ից 06:00-ն: Քաղաքացիներին պարետային ժամի ընթացքում արգելվում է դուրս գալ առանց հատուկ անցագրի:

Միայն պարետային ժամի խախտման համար ոստիկանությունը տուգանել է 113 մարդու: Եվս 21-ը տուգանվել է սոցիալական հեռավորությունը չպահպանելու և ավելի քան երեք մարդու մեկ վայրում հավաքի արգելքի խախտման համար:

Տնտեսական գործունեության սահմանափակման դրույթները խախտելու համար տուգանվել է մեկ իրավաբանական և մեկ ֆիզիկական անձ:

Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում բացահայտվել է ինքնամեկուսացման ռեժիմի խախտման 12 փաստ: 90 վարորդ տուգանվել է արտակարգ դրության ժամանակ քաղաքում տեղաշարժման կանոններին չհետևելու համար: Այժմ մեքենայում կարող են լինել ոչ ավելի, քան երեք հոգի (ներառյալ վարորդը), մինչդեռ ուղևորները պետք է նստեն հետևի նստատեղում (վարորդի կողքի նստատեղը պետք է լինի ազատ):

Վրաստանում արտակարգ դրության կարգը խախտելն առաջին անգամ վարչական տուգանքով է պատժվում՝ ֆիզիկական անձանց համար 3000, իրավաբանական անձանց համար՝ 15000 լարի, կրկնվելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն է, մինչև 3 տարի ազատազրկմամբ: