Ախալքալաքի և Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնների (ՀԱԿ) տեղեկությունների համաձայն, ներկայումս 36 մարդ Ախալքալաքի մունիցիպալիտետում գտնվում է ինքնամեկուսացման մեջ, իսկ Նինոծմինդայի մունիցիպալիտետում՝ 20 մարդ:

Ըստ ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետում, ընդհանուր առմամբ ինքնամեկուսացված է եղել 346 մարդ, այսօր՝ ապրիլի 4-ին, 30 մարդ ևս դուրս կգա ինքնամեկուսացումից, ինչի արդյունքում ինքնամեկուսացման մեջ կմնան միայն 6-ը:

Ավետիք Տոնականյանն ասում է, որ Կենտրոնը մշտական կապ է պահպանում ինքնամեկուսացման մեջ գտնվող մարդկանց հետ: Նրանցից ոչ ոքի մոտ հիվանդության որևէ ախտանշան չի դրսևորվել:

Վրաստանում կորոնավիրուսի տարածման սկզբից մինչ օրս Նինոծմինդայի մունիցիպալիտետում ինքնամեկուսացման մեջ է գտնվել 184 մարդ, ներկայումս կա միայն 20 մարդ:

Նինոծմինդայի ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանի խոսքերով, Նինոծմինդայի մունիցիպալիտետում մեկուսացված մարդկանց վիճակը նորմալ է:

Ախալքալաքի մունիցիպալիտետից կարանտինում է գտնվում 15 մարդ, սկզբում նրանց թիվը 20 էր, բայց այս թվերը չեն ներառում նրանց, ովքեր հատել են սահմանը «Սադախլո» անցակետից:

«Մենք տեղեկություններ չունենք «Սադախլո» անցակետով ժամանածների թվաքանակի մասին, մեր տվյալները «Նինոծմինդա» մաքսակետով մուտք գործած մարդկանց թվաքանակի վրա են հիմնված, որոնցից 13-ն այսօր կարանտինից դուրս կգան և կվերադառնա տուն», – ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

Ջավախքցիները կարանտինային շրջանն անցկացրել են տարբեր քաղաքներում, բայց մեծ մասը՝ Ախալցիխեում: