Վրացի գիտնականներին վեց պացիենտի նյութերից հաջողվել է վերծանել կորոնավիրուսի գենոմը: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Ես ուզում եմ մեծ հպարտությամբ հայտնել, որ մենք արդեն վերծանել ենք վեց շտամ, այսինքն՝ վեց վրացի պացիենտների վիրուսները: Դրանք ներբեռնվել են այս վիրուսի գենոմների աշխարհի տվյալների բազայում», – հայտնել է Իմնաձեն:

Նա պարզաբանել է, որ SARS-CoV-2 վիրուսների օպերատիվ գենետիկական անալիզը շատ կարևոր է նոր կորոնավիրուսի էվոլյուցիայի և դրա տարածման դինամիկան հասկանալու համար:

«Նրանք շատ հստակ համընկնում են. Իրանցի պացիենտի վիրուսը իրանական խմբին, իտալացունը` իտալական խմբին: Այս վիրուսներն արդեն տարբերվում են միմյանցից՝ կախված երկրից և գենոտիպից.. Երբ վիրուսը տարածվում է, անընդհատ տեղի են ունենում մուտացիաներ: Այժմ մենք ակտիվորեն հետևում ենք ոչ միայն որտեղից են եկել մեր հիվանդները, այլև երբ մենք վերցնում ենք վիրուսը, մենք արդեն գիտենք, թե ում է բարեկամ այդ վիրուսը, որ երկրից է», – հայտարարել է Իմնաձեն:

Որոշ դեպքերում, շնորհիվ այդպիսի ուսումնասիրությունների, հաջողվել է պարզել կորոնավիրուսով հիվանդների վարակի աղբյուրները:

«Մենք չէինք կարողնում որոշել: Հիվանդն ասում էր, որ միանգամից հանդիպումներ է ունեցել մի քանի օտարերկրացիների հետ, և մենք հաստատեցինք, թե որ օտարերկրացուց է նա ստացել այդ վիրուսը: Քանի որ նա ուներ նույնանման շտամ, որը տարածված է այդ երկրում», – ասում է Իմնաձեն:

Վիրուսի գենոմի վերծանումը COVID-19 ունեցող հիվանդների կենսաբանական նյութերից առաջանում է սեկվենավորման մեթոդի կիրառմամբ: Իմնաձեն նշել է, որ այժմ նման ուսումնասիրություններ են անցկացվում բոլոր առաջատար լաբորատորիաներում: Վրաստանում գենոմի սեկվենավորմամբ զբաղվում են Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայի (Ռիչարդ Լուգարի հանրային առողջության հետազոտական կենտրոն) աշխատակիցները:

SARS-CoV-2 վիրուսի անալիզի տվյալները փոխանցվում են EpiCoV GISAID միջազգային տվյալների բազային: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և առաջատար հետազոտական համաշխարհային խմբերը օգտագործում են այս տեղեկատվությունը` կորոնավիրուսի գլոբալ էվոլյուցիան դիտարկելու համար: Այն օգնում է ոչ միայն աղբյուրների նույնականացման, այլև հիվանդության բուժման համար պատվաստանյութերի և հակավիրուսային դեղամիջոցների մշակման գործում:

Նյութը՝ «Новости Грузия»-ից