«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 76-ամյա պացիենտ է մահացել կորոնավիրուսից, հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»,- գրել է նա։

Հայաստանում ապրիլի 3-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 736-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 73-ով: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Ապաքինվել է 43 անձ։

Ապրիլի 3-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1 միլիոնը։ Այդ են վկայում Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 1 016 000 դեպք։ Վարակվածների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ն՝ ավելի քան 245 000 դեպք։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ ավելի քան 115 000 մարդ, երրորդ՝ Իսպանիան, ավելի քան 112 000 դեպքով։

Մահվան ելքով դեպքերն աշխարհում 53 000-ից ավելի են, 211 000-ից ավելի մարդ ապաքինվել է։