Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը սննդամթերքի ամսական չափաբաժինը նաև բաժանել է նախադպրոցական հաստատությունների այն երեխաներին, որոնց ծնողները ծրագրի սկզբում հրաժարվել էին:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքերով, քանի որ ծնողները, ովքեր ի սկզբանե հրաժարվել էին երեխայի համար ամսական նախատեսված սննդամթերքի չափաբաժնի ստացումից, մտափոխվել էին, մթերքների գնման նոր պատվեր է կատարվել: Առաջին անգամ մթերքը բաժանվել էր մարտի 30-ին, իսկ այսօր դրանք բաժանվել են մտափոխված ծնողներին:

Սկզբում 30 ծնող հրաժարվել էին սննդի փաթեթից՝ թիվ 1 մանկապարտեզից 27 ծնող և թիվ 2 մանկապարտեզից 3 ծնող: Ըստ Անահիտ Ասատուրյանի, բաժանելուց հետո թիվ 2 մանկապարտեզում մնացել է երեք տոպրակ և դրանք տրվել են նրանց, ովքեր մտափոխվել էին: Թիվ 1 մանկապարտեզի մթերքից հրաժարված ծնողներից 25-ը մտափոխվել էին, սակայն, Միավորումը պատրաստել էր 27 տոպրակ սնունդ: Տոպրակներում նույն մթերքներն էին, ինչ առաջին անգամ՝ կարագ, արևածաղկի ձեթ, պանիր, կաթ, հավկիթ, բրինձ, շաքարավազ, հնդկացորեն և վարսակ:

Մթերքի մնացած երկու տոպրակները, Միավորման որոշմամբ, բաժանվել են քաղաքից մի կարիքավոր տատիկի և Խաչոյին, ով մտավոր խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Վրաստանի ողջ տարածքում արձակուրդները հետաձգվել են մինչև ապրիլի 21-ը և դեռ պարզ չէ, կվերսկսվի դասընթացները դրանից հետո, թե ոչ: Այդ իսկ պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորումը, յուրաքանչյուր երեխայի ամսական չափաբաժնի համապատասխան, պատրաստել էր 9 տեսակի սննդամթերք, ու այն բաժանել նրանց: