ՀԱԵ Վիրահայոց թեմը հայտարարել է, որ Վրաստանում գործող արտակարգ դրությունից ելնելով, Սբ Զատկի տոնական արարողությունները կանցկացվեն այլ ձևաչափով: Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով:

Պատարագը կհեռարձակվի առցանց, որպեսզի հավատացյալները տնից կարողանան մասնակցել տոնական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքը:

Զատիկից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 5-ին, Ծաղկազարդի տոնի պատարագը 11:00-ին կանցկացվի Թբիլիսիի Սբ Գևորգ առաջնորդանիստ տաճարում և Հավլաբարի Սբ Էջմիածին եկեղեցում: Երիտասարդ կամավորները կվերահսկեն, որ պաշտպանված լինեն արտակարգ դրության շրջանակում հայտարարված սահմանափակումները: Նշված կարգը կգործի նաև շաբաթ երեկոյան՝ Ճրագալույցի պատարագի ժամանակ, ժամը 17:30-ից մինչև 20:00-ն:

Հարության տոնի պատարագները ապրիլի 12-ին կանցկացվեն երկու եկեղեցում, կսկսվեն 10:30-ին և կավարտվեն Հրաշափառ Հարության տոնի շնորհավորանքով:

«Ինչ վերաբերում է խոստովանության և հաղորդության կարգին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններով, գոյություն ունի խոստովանություն և հաղորդություն ստանալու ինչպես ընդհանուր, այնպես էլ՝ անհատական կարգ: Տանը գտնվող տարեց և հիվանդ մարդիկ, հեռախոսի միջոցով, նախապես կկարողանան հոգևորականին հրավիրել տուն և ստանալ հաղորդություն»,- հայտարարում են Վիրահայոց թեմում:

Նրանց փոխանցմամբ, Ծաղկազարդի տոնի առթիվ ապրիլի 5-12-ը ներառյալ հավատացյալները ուռենու ճյուղերը կկարողանան տանել եկեղեցի, իսկ քահանաները կօրհնեն դրանք:

Վիրահայոց թեմի Թբիլիսիում գործող երկու եկեղեցիները բաց են ամեն օր, առավոտյան 08:30-ից մինչև երեկոյան 18:00-ն: Եկեղեցում ժամանակավորապես թույլատրելի է միայն երեք հավատացյալի ներկայություն:

Հայ առաքելական եկեղեցին Հարության տոնը նշում է ապրիլի 12-ին: