Վրաստանում 17 քաղաքացի տուգանվել է պարետային ժամի խախտման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

Ինչպես նշել է ՆԳՆ ղեկավարը, մինչև 350 քաղաքացի և մինչև 15 իրավաբանական անձ տուգանվել է արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար՝ դրա հայտարարման պահից առ այսօր:

«Մենք ակնկալում էինք ավելի շատ խախտումներ, բայց անցած գիշեր, երբ սկսվեցին հատուկ նշանակության սահմանափակումները, դրանք շատ քիչ էին, ընդամենը 17 խախտում ողջ Վրաստանում, ինչը մեզ զարմացրեց: Մենք ավելին էինք ակնկալում: Ընդհանրապես, ցավոք, ստիպված եղանք արձանագրել մինչև 350 տուգանք: Մեր քաղաքացիներին տուգանելը ոչ ոքի՝ ոչ մեզ, ոչ շարքային ոստիկաններին, ոչ էլ ղեկավարությանը չի ուրախացնում, բայց մենք ստիպված ենք լինում դա անել: Տուգանվել է մոտ 350 մարդ և մոտ 15 ձեռնարկություն», – հայտարարել է Գոմելաուրին: