Վրաստանում երեք մարդ տուգանվել է ինքնամեկուսացման պայմանները խախտելու համար: Այս մասին ասվում է Ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ամբողջ Վրաստանում արտակարգ դրություն է հայտարարված մինչև ապրիլի 21-ը: Արտակարգ դրության ժամանակ ոստիկանությունը կարող է հարկադրաբար կարանտինային գոտիներ տեղափոխել նրանց, ովքեր խախտել են բժիշկների կողմից իրենց համար սահմանված մեկուսացման կանոնները և տուգանել 3000 լարիով:

Վերջին 24 ժամվա ընթացքում ոստիկանության ծառայողները բացահայտել են իրավախախտման դեպքեր՝ Մցխեթա-Մթիանեթիի, Իմերեթիի և Գուրիայի շրջաններում:

«Այս բոլոր անձինք ոստիկանության կողմից տուգանվել են 3000 լարիի չափով՝ մեկուսացման կանոնները խախտելու համար և հարկադրաբար տեղափոխվել են կարանտինային գոտիներ», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Այսօր Վրաստանում ավելի քան 4,5 հազար մարդ գտնվում է կարանտինային գոտիներում: Նրանց մեծ մասը վերջերս են վերադարձել արտերկրից:

Այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը Ներքին գործերի նախարարությանը հրահանգել է խստացնել վերահսկողությունն արտակարգ դրության ռեժիմի պահպանման ուղղությամբ:

Գերատեսչությունը նախազգուշացրել է, որ բոլոր անձինք պարտավոր են պահպանել սահմանված սահմանափակումները: Հակառակ դեպքում ոստիկանությունը ֆիզիկական անձանց կտուգանի 3 հազար լարիով, իսկ իրավաբանական անձանց՝ 15 հազար լարիով: Կրկնակի խախտումը կարող է հանգեցնել ազատազրկման: