Կորոնավարակի տարածման կանխարգելման նպատակով գրեթե բոլոր մաքսակետերն ու սահմանները փակ են, դրան զուգահեռ, դժվարություններ են առաջացել հայրենիք՝ Վրաստան վերադառնալու առումով: Հայաստանում դեռևս մնում են Ախալքալաքի բնակիչներ, ովքեր չեն կարողացել վերադառնալ տուն:

Հայաստանի և Վրաստանի սահմանը փակվեց փուլ առ փուլ: Առաջին փուլը նախազգուշական էր, թե իբր «սահմանը փակվում է վաղը, վերադարձեք տուն», բայց շատերը պատրաստ չէին սահմանի այդպիսի հանկարծակի փակմանը: Երկրորդ փուլը հետևյալն էր՝ «վերադարձեք տուն, բայց 14 օր անցկացրեք ինքնամեկուսացման մեջ»: Այդ ժամանակ շատերը չէին հավատում, որ նման միջոցները երկարատև կլինեն: Սակայն, շուտով ամեն ինչ ավելի խորացավ, սկսվեց երրորդ փուլը՝ «վերադարձեք, բայց կարանտինից խուսափելն ամեն դեպքում անհնար է», հետո սկսվեց հաջորդ փուլը՝ « կարող եք վերադառնալ և գնալ կարանտին, բայց միայն «Սադախլո» մաքսակետով», որը գտնվում է խիստ կարանտինի տակ:

Շատերի համար կարանտին բառը վախի հիմք հանդիսացավ և մարդիկ որոշեցին մնալ Հայաստանում, որտեղ գործում է պարետային ժամ՝ մինչև Վրաստանում արտակարգ դրության ավարտը:

«Ինձ համար սա մեծ խնդիր է: Ես գնացել էի Հայաստան երեխաներիս տեսնելու համար, ինչ-որ գործեր կային: Կորոնավիրուսը խոչընդոտ հանդիսացավ, խառնեց ծրագրերս և խանգարեց նաև տուն վերադառնալ: Միայն ամուսինս է մնացել Ախալքալաքում: Սկզբում մենք չհասցրեցինք վերադառնալ ժամկետներում, այնուհետև չէի ուզում 2-շաբաթյա կարանտինային պայմաններում հայտնվել, իսկ հիմա «Բավրա» («Նինոծմինդա») մաքսակետը փակվել է, ես չեմ ուզում վերադառնալ «Սադախլո»-ով, վտանգավոր է, քանի որ կորնավիրուսն արդեն հայտնաբերվել է Մառնեուլում: Եթե վերաբացեին սահմանը «Բավրա» անցակետով, ես նույնիսկ պատրաստ եմ կարանտինի անցնել: Ընդհանրապես, ավելի լավ կլիներ, եթե ինքնամեկուսացման անցնեի, ես պատրաստ եմ նույնիսկ փաստաթղթեր ստորագրել քրեական պատասխանատվության մասին, որ ես դուրս չեմ գա ինքնամեկուսացումից, մանավանդ որ մենք տանը երկուսս ենք», – ասում է Ախալքալաքի բնակիչը, ով այժմ Երևանում է գտնվում:

Հայաստանում Ախալքալաքից շատ ուսանողներ սովորում են համալսարաններում, եթե ոմանք դժվար պայմաններով կարողացել են տուն հասնել, մյուսները նախընտրել են մնալ Երևանում:

«Իմ որդին ուսանող է, մինչ մենք կողմնորոշվեցինք, որպեսզի նա տուն վերադառնար, պարզվեց, որ նրան երկու շաբաթով կտանեն կարանտին: Հիմա արդեն սահմանն էլ է փակ: Եթե Վրաստան վերադառնալուց հետո նա չպետք է տուն գա, ապա ավելի լավ է մնա Երևանում, գոնե կիմանանք, որ նա տանն է՝ անվտանգության մեջ: Լսել եմ, որ նրանք, ովքեր վերադարձել են և Ախալցիխեում կարանտինի մեջ են, շատ դժգոհ են կարանտինային պայմաններից», – ասում է Կարինեն՝ Ախալքալաքի բնակչուհին:

Կորոնավարակի գերությունում են հայնտվել նաև այն մարդիկ, ովքեր բուժվում էին Հայաստանում:

«Ես Հայաստանում եմ, հիվանդ էի: Հիմա բուժվում եմ, բայց երբ վերջապես ապաքինվեմ, ես չեմ վերադառնա տուն: Կարանտինի մասին միտքն ինձ վախեցնում է: Ինձ վիրահատել են, և չեմ ուզում կարանտինի պատճառով ամեն ինչ բարդանա: Այլ բան է, եթե տանը մնամ ինքնամեկուսացված և դուրս չգամ: Այդ ժամանակ մենք կվերադառնայինք», – ասում է Ախալքալաքի շրջանի 25-ամյա բնակիչը, ով չցանկացավ ասել իր անունը:

Վրաստանում արտակարգ դրությունը կտևի մինչև ապրիլի 21-ը, բայց դժվար է ասել, թե որքան կտևի իրավիճակը փակ սահմաններով և պարտադիր կարանտինով, և բարդ է ասել՝ թե երբ ախալքալաքցիները կկարողանան վերադառնալ տուն: Չէ՞ որ օր-օրի պանդեմիայի հետ կապված իրավիճակը պահանջում է էլ ավելի խիստ միջոցների ձեռնարկում՝ թե Վրաստանում, և թե ամբողջ աշխարհում:

Քրիստինե Մարաբյան