Սամցխե-Ջավախքի Բնապահպանության տարածաշրջանային ծառայության աշխատակիցները մեկնում են Նինոծմինդա՝ իմանալու արհեստական լճում ձկների զանգվածային անկման պատճառը:

Ծառայության աշխատակիցները տեղում կծանոթանան իրավիճակին և կարասների զանգվածային անկման պատճառը պարզելու նպատակով ջրամբարից ջուր կվերցնեն անալիզի համար:

Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի մոտակայքում, սատկած կարաս տեսակի ձուկը դուրս է նետվել արհեստական փոքրիկ լճի ափ: Այս փաստը տեղացիների կողմից նկատվել է մարտի 18-ին, բայց թե կոնկրետ երբ են ձկները սատկել, դեռ անհայտ է: Հայտնի չէ նաև, թե ինչից է առաջացել անկումը:

Լիճը տեղակայված է Նինոծմինդա քաղաքի և Մեծ Խանչալի գյուղի միջև: Խորհրդային տարիներին բնակիչները այս լճի ջրով ոռոգում էին կարտոֆիլի դաշտերը: Ձուկն այստեղ հայտնվել է մոտավորապես 2016 թվականին: Ձկների ի հայտ գալը պայմանավորված է նրանով, որ լճի վերականգնման աշխատանքների ժամանակ Օրլովկա գյուղի ջրատարը բացվել է, և ձկները ջրի հոսքի հետ իջել են լիճ:

Նշենք, որ ամռան շրջանում այս լիճը ձկնորսության սիրահարների լավագույն վայրն է:

Մարտի 10-ին նմանատիպ փաստ հայտնաբերվել է նաև Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղի մոտակայքում գտնվող ջրամբարի մոտ: Այս դեպքում ջրի նմուշը անալիզի համար վերցվել է դեռ մարտի 11-ին, բայց մինչ այժմ փորձաքննության պատասխանները հայտնի չեն: Անալիզի համար վերցվել են նաև ձկները: