Մոսկվայի հիվանդանոցներից մեկում COVID 19-ից մահացել է 79-ամյա մի կին: Այս մասին հայտնում է քաղաքի օպերատիվ շտաբը: Սա Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված մարդու առաջին մահվան դեպքն է:

«79-ամյա կինը հոսպիտալացվել է մարտի 13-ին, բայց նրա հարազատների անձնական պարտադրանքով, մարտի 14-ից բուժման նպատակով տեղափոխվել է մասնավոր բժշկական հաստատություն: Կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը ստանալուց հետո, նա անմիջապես տեղափոխվել է №2 ինֆեկցիոն հիվանդանոց: Շնչառական անբավարարության ծանրացմանը զուգընթաց վերակենդանացման բաժանմունքում նա ինտենսիվ թերապիա է ստացել: Ինֆեկցիոն հիվանդանոցում նա գտնվել է մեկուսացված պալատում», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ Ռուսաստանի օպերատիվ շտաբի՝ մահվան պատճառ է հանդիսացել թոքաբորբը, որը միաժամանակ զուգորդվել է մի շարք լուրջ հիվանդություններով՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետ, երակային հիպերտոնիա (գերճնշում), կորոնար զարկերակների ստենտավորումից հետվիրահատական վիճակ, սրտի իշեմիկ հիվանդություն, կորոնար զարկերակների, աորտայի աթերոսկլերոզ, թոքային քրոնիկ հիպերտենզիա, միզաքարային հիվանդություն:

Մահացածի հարազատների ամբողջ շրջանակը գտնվում է բժշկական հսկողության տակ:

Չորեքշաբթի օրվա տվյալներով, Ռուսաստանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսային վարակի 147 դեպք: Մոսկվայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 86:

Օպերատիվ շտաբն ընդգծել է, որ վարակիչ հիվանդությունների բարդությունները հատկապես բարդ են տանում 60 տարեկանից բարձր մարդիկ, ուստի նրանք պետք է հնարավորինս նվազեցնեն վարակման վտանգը և փորձեն նվազագույնի հասցնել շփումները և այցելությունները մարդկանց զանգվածային հավաքատեղեր: