Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդն ըստ նախնական տվյալների, առողջացել է:

Բժիշկը նշել է, որ նախօրեին պացիենտը թեստավորում է անցել և գրանցվել է բացասական արդյունք, ինչը նշանակում է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացու մոտ կորոնավարակ չկա։ Սակայն բժիշկը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում պացիենտը ևս մեկ թեստավորում պետք է անցնի՝ կորոնավարակն ամբողջությամբ բացառելու նպատակով։

«Գիտեք, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված առաջին դեպքը հաստատվել էր փետրվարի 26-ին, երեկ անցկացված թեստավորման արդյունքները բացասական են, առաջիկայում կանցկացվի երկրորդ թեստավորումը, և եթե այս անգամ էլ բացասական արդյունք գրանցվի, վստահաբար կարող ենք ասել, որ պացիենտն առողջացել է։ Հուսով ենք, որ այդպես էլ կլինի», — ասել է Էզուգբայան։

Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է փետրվարի 26-ին: Վիրուսը հայտնաբերվել է 50-ամյա մի տղամարդու մոտ, ով Ադրբեջանով Իրանից եկել էր Վրաստան։