Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել են կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքներ: Այսօր ախտահանվել են Սակրեբուլոյի, քաղաքապետարանի և կրթական ռեսուրս կենտրոնի շենքերը:

Այս մասին տեղեկացնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ախտահանման միջոցառումները, տեղական իշխանություններն Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմակերպություններում իրականացնում են սեփական ուժերով, քանի որ մասնագիտացված կազմակերպությունները ծանրաբեռնված են, և դեռևս չեն կարող իրականացնել աշխատանքները:

Մունիցիպալիտետի ղեկավարությունը ՀԱԿ-ի հետ միասին Թբիլիսիում փնտրում էին կազմակերպություններ, որոնք կկարողանային իրականացնել ախտահանման աշխատանքներ, բայց կազմակերպությունները պահանջել էին բարձր գին, և դրա հետ մեկտեղ էլ նրանք չէին կարող աշխատանքները շտապ իրականացնել, մինչև մարտի 16-ը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում ախտահանվելու է 22 օբյեկտ՝ 1200-1500 քառ/մ ընդհանուր մակերեսով: Այն ներառում է քաղաքապետարանի և սակրեբուլոյի շենքերը, մանկապարտեզները և մունիցիպալ այլ հիմնարկություններ:

Շրջանի հանրային դպրոցներն ախտահանվելու են իրենց հաշվին և սեփական ջանքերով: