Այսօր, մարտի 3-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Մինչ Փաշինյանի ժամանումը, Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին լրագրողների հետ խոսել է հայ-վրացական հարաբերությունների կարևորության մասին: Հայտնում է Aliq Media տեղեկատվականը:

«Հարևան երկրների միջև սերտ հարաբերությունները կարևոր են: Սա Փաշինյանի երկրորդ այցն է և սա ընդգծում է Վրաստանի կարևորությունը Հայաստանի և Հայաստանի կարևորությունը Վրաստանի համար: Առևտրատնտեսական հարաբերությունները կքննարկվեն նաև էներգետիկայի ոլորտում: Երկկողմ հարաբերությունները շատ կարևոր են», — ասել է Դավիթ Զալկալիանին:

ՀՀ պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի հերոսների հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի միասնականության համար զոհված հերոսների հուշակոթողի մոտ:

ՀՀ վարչապետի այցը կավարտվի մարտի 4-ին:

Հիշեցնենք՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն առաջին պաշտոնական այցով հենց Վրաստան էր եկել, ինչից հետո 2019 թ․ հունվարի 15-ին տեղի է ունեցել նաև ոչ պաշտոնական հանդիպում Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ՝ Մարնեուլիի շրջանի հայաբնակ Բոլնիսի գյուղում: