Այսօրվանից՝ մարտի 2-ից, ամբողջ Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, սկսվել են արձակուրդներ՝ ինչպես դպրոցներում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում: Արձակուրդները կտևեն մինչև մարտի 16-ը:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանի, Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներում արդեն սկսվել են ախտահանման աշխատանքները:

«Այս պահին ախտահանման աշխատանքներն իրականացնում են հենց մանկապարտեզի աշխատակիցները, իսկ հետո նաև պետությունը կիրականացնի ախտահանման աշխատանքներ», – ասում է նա:

Ուսումնական պրոցեսը՝ ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ դպրոցներում, կվերսկսվի մարտի 16-ից:

Փետրվարի 29-ին, Վրաստանի վարչապետի ղեկավարությամբ կայացավ Կորոնավիրուսի առնչությամբ Միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:

Կայացված որոշման համաձայն՝ դպրոցներում կիրականացվեն ախտահանման լրացուցիչ միջոցառումներ: Որպեսզի դպրոցներն ունենան բավարար ժամանակ, գարնանային արձակուրդը մարտի 9-ի փոխարեն սկսվեց մարտի 2-ին և կտևի մինչև մարտի 16-ը: Բացի այդ, Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ հասարակական տրանսպորտում և մանկապարտեզներում կխստացվեն ախտահանման միջոցառումները: