Փետրվարի 22-ին Ախալքալաքի Երիտասարդական կթրամշակութային կենտրոնում անցկացվել է մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է տոնի նախապատմությունը, փառաբանվել հայոց լեզուն, ինչպես նաև հայ և օտարազգի մեծանուն գրողների խոսքեր հայոց լեզվի մասին: Պարարվեստի և երգարվեստի սաները միջոցառմանն առանձնահատուկ շունչ են հաղորդել իրենց պարային և երաժշտական կատարումներով:

Շնորհավորանքի և շնորհակալական խոսքով հանդես է եկել հայոց պատմության խմբակի պատասխանատու Վաչագան Ռստակյանը։ Նա փոքրիկ պատմական ակնարկ է ներկայացրել 4-րդ դարում տիրող հայ ժողովրդի ծանր վիճակի և հայոց գրերի ստեղծման մասին, կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը և հայոց լեզվի պահպանումը ապագա սերունդների կողմից։

Շնորհավորանքի խոսքեր է հղել նաև ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը՝ շեշտելով մայրենի լեզվի պահպանման հարցում հայ մայրերի դերը։ Տոնական միջոցառման ավարտից հետո ԱԵԿ-ի սաները, նրանց ծնողները և մանկավարժական կոլեկտիվը երթով գնացել է Ախալքալաքի կենտրոնում տեղադրված Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ և ծաղիկներ խոնարհել:

Փետրվարի 21-ին նշվում է Մայրենի լեզվի օրը (International Mother Language Day): Մայրենի լեզվի միջազգային օրը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսն է սահմանել 1999 թվականի նոյեմբերի 17-ին:

Այս ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ Դաքքայում (այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաքը) 1952 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած իրադարձությունների, երբ ոստիկանական գնդակներից զոհվել էին իրենց մայրենի բենգալի լեզվի պաշտպանության համար ցույցի դուրս եկած ուսանողները։ Նրանք պահանջում էին բենգալին երկրի պետական լեզուներից մեկը ճանաչել։

Լեզուները մեր բարոյական և հոգևոր ժառանգության զարգացման և պահպանման ամենահզոր գործիքներից են: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհի գրեթե 6 հազար լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին: Աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ մեկ լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային եւ ինտելեկտուալ ժառանգություն: