Փետրվարի 17-ին Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում է կայացրել 2019թ.-ի դեկտեմբերին «հարսնացուի առևանգման» փաստը թաքցնելու համար Ախալքալաքի շրջանի բնակիչ Գ.Ի.-ին դատապարտել 1 տարվա պայմանական անազատության և 2000 լարի տուգանքի:

Ախալքալաքի շրջանային դատարանից պարզաբանեցին, որ հանցագործության ցանկացած պարտակում քրեորեն պատժելի է և այս հանցակազմի հատկանիշները նախատեսված է Վրաստանի Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածով՝ «Հանցագործության պարտակում» և քննվում է սույն հոդվածի համաձայն:

Գ.Ի.-ն իր մոտ 2019թ.-ի դեկտեմբերին ընդունել էր առևանգված հարսնացուին և առևանգողներին ու փորձել է համոզել աղջկան ամուսնանալ առևանգողի հետ:

Ախալքալաքում նման արարքը հասարակության կողմից դիտարկվում է որպես ընտանիքի ստեղծմանը նպաստող քայլ և չի ընկալվում որպես հանցագործություն: Սակայն, Վրաստանում աղջկա առևանգումը համարվում է հանցավոր արարք` «Ապօրինի ազատազրկում», չնայած ընտանիքի ստեղծման նպատակին, իսկ այն մարդիկ, ովքեր պարտակում են հանցանքը կամ նպաստում դրան, նույնպես պատասխանատվության են ենթարկում:

Գ.Ի.-ն դատապարտվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Ծանր հանցագործությունների նախապես չխոստացած պարտակում», որը պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով: Դատավարության ժամանակ, սակայն, ձևակերպվել է դատավարական համաձայնագիր, պատիժը պայմանական պատժի և տուգանքի տեսքով է ընդունվել: Վերջին տարիներին սա դատապարտման առաջին դեպքն է՝ «հարսնացուի առևանգումը» պարտակելու համար, նախկինում «պարտակողներին» պատասխանատվության չէին ենթարկում:

Այս դեպքը՝ «հարսնացուի առևանգումը», տեղի էր ունեցել 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Աղջկան առևանգած երիտասարդները դատապարտվել էին «Ապօրինի ազատազրկում» հոդվածով՝ նախնական կալանքը կրելուց հետո նրանք ազատ էին արձակվել, որպես պատիժ ստանալով՝ պայմանական անազատություն և տուգանք՝ տարբեր մասնակիցները՝ տարբեր չափերով:

Ջավախքում «հարսնացուի առևանգումը» երկիմաստ թեմա է: 2004 թվականից ի վեր այս արարքը համարվում է հանցագործություն, ազատությունից ապօրինի զրկում և պատժվում է նույնիսկ ազատազրկմամբ: Եթե նախկինում ցանկացած աղջիկ կարող էր դառնալ այդպիսի առևանգման զոհ, և նույնիսկ նրան կարող էր առևանգել անծանոթ տղա, ապա այն բանից հետո, երբ տղաներին սկսեցին դրա համար պատժել, առևանգումների քանակն աստիճանաբար սկսեց նվազել:

Ախալքալաքում առհասարակ առևանգումներ տեղի չեն ունենում, կամ առևանգում են միայն այն դեպքում, երբ վստահ են, որ օրենքի առաջ չեն կանգնի և չեն պատժվի, այսինքն, երբ աղջիկը համաձայն է «փախչել»: Գյուղերում «կովկասյան ավանդույթը» դեռ պահպանվում է և հաճախ իրավապահները չեն իմանում առևանգումների մասին: Թեպետ, որոշ դեպքերում աղջիկները չեն համաձայնում ամուսնանալ առևանգողի հետ, և միայն այդ ժամանակ արդեն նրա ծնողների բողոքների հիման վրա երիտասարդների պատասխանատվության ենթարկման գործընթացն է սկսվում, ավելին՝ նաև նրան, ում համար հարսնացուին առևանգում են, ինչպես նաև նրանց, ովքեր «ընկերակցել» են գործընթացին:

Ջավախքի հասարակությունում այս գործընթացի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Ոչ ոք չի ցանկանում, որ իր դստերը կամ ազգականին առևանգեն, այնուամենայնիվ առևանգողի հարազատները դա դիտարկում են որպես ընտանիք ստեղծելու սովորույթ՝ չհասկանալով, որ աղջիկը, ում առևանգել են, հարկադրել են, ազատության իրավունք ունի և իրավունք ունի ընտրելու, թե ում հետ ամուսնանա: