Գյուղերում շարունակվում է առաջնահերթ աշխատանքների ընտրությունը, որոնք մտադիր են իրականացնել «Օգնություն գյուղին» ծրագրի ( ՕԳԾ) շրջանակներում: Jnews- ը առաջնահերթությունների ընտրության հանդիպումների ընթացքում եղել է 3 գյուղերում:

Մունիցիպալիտետը, առաջնահերթությունների ընտրության հարցում օգնելու համար, ստեղծել է Սակրեբուլոյի և քաղաքապետարանի աշխատակիցներից կազմված հանձնաժողովներ, որոնք փետրվարի 6-ից 14-ը մասնակցում են գյուղերում հանդիպումներին և բնակիչներին օգնում են առաջնահերթությունների ճիշտ ընտրության հարցում:

Փետրվարի 12-ին jnews- ը մասնակցեց երեք գյուղերի՝ Վաչիանի, Չամդուրայի և Մուրջախեթի հանդիպումներին, որտեղ, ըստ ժամանակացույցի, մասնակցում էր հանձնաժողովներից մեկը՝ Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի գլխավորությամբ:

Բոլոր երեք գյուղերի հանդիպումներին մասնակցում էին նաև Սակրեբուլոյի տեղակալ Գայոս Լոմսաձեն, գյուղերի լիազորները և պատգամավորներ:

Վաչիան գյուղի ՕԳԾ- ով հասանելի գումարը կազմում է 20 000 լարի: Բնակիչներն երկար ժամանակ վիճում էին առաջնահերթություններն ընտրելիս, և չէին կարողանում միանգամից համաձայնության գալ: Առաջարկներ եղան կառուցել խաղահրապարակ, գումարը ծախսել խմելու ջրի վերականգնման վրա: Վիճաբանություն եղավ նաև գյուղական ներքին ճանապարհների վերականգնման հարցի համար: Ոմանք դեմ էին ճանապարհի վերականգնման համար գումար ծախսելուն, համարելով, այս աշխատանքն ոչ արդյունավետ, իսկ ծախսն՝ անհիմն:

«Մեզ հարկավոր է գոնե գյուղի ներքին մոտ 200 մետր կենտրոնական ճանապարհի հատվածը վերականգնել: Ճանապարհի պատճառով ոչ տաքսիստները, ոչ էլ շտապօգնությունը չեն գալիս այստեղ: Սա գյուղի գլխավոր ճանապարհն է, մնացած ճանապարհները այնտեղից են բաժանվում», – ասում է բնակիչ Ալբերտ Քեյանը:

Վերջ ի վերջո նրանք որոշեցին ՕԳԾ- ի գումարը ծախսել հետևյալ աշխատանքների վրա.

Սպորտային գույքի համար 3000 լարի, գյուղի ներքին կենտրոնական ճանապարհի վերականգնման համար 5000 լարի, գյուղի մինի խաղադաշտը վերականգնելու համար 11 200 լարի, իսկ լուսավորության երկու էլեկտրական սյուների տեղադրման համար՝ 800 լարի:

Խումբը հաջորդ հանդիպումն անցկացրեց Չամդուրա գյուղում: Գյուղն ՕԳԾ-ով ստացել է 16 000 լարի: Նշենք, որ ՕԳԾ-ով գյուղերի համար գումարը տրամադրվում է ըստ այս գյուղի ընտրողների քանակի:

Չամդուրա գյուղում բնակիչները ոչ այդքան երկար վիճելուց հետո վերջնական ընտրեցին ամբողջ գյուղում լուսավորություն անցկացնել և ձեռք բերել սպորտային գույք: Առաջարկներ եղան ֆիթնես սարքավորումներ գնել, բայց քանի որ դրանք դնելու տեղ չկար, որոշեցին գրեթե ամբողջ գումարը հատկացնել գյուղի գիշերային լուսավորությանը և տեղադրել մոտ 45 սյուն: Մեկ լուսավորման էլեկտրական սյունի տեղադրումը, ինչպես ասացին առաջին հանդիպմանը, արժե 380-ից 420 լարի:

Մուրջախեթ գյուղում հանդիպումը կայացավ սենյակում, որտեղ երիտասարդներն ու ծերերը հավաքվում են շփման նպատակով: Մուրջախեթը կարող է ծախսել 12 000 լարի: Բնակիչների մի մասն առաջարկեց վերանորոգել գյուղի կամուրջը, սակայն քննարկման ընթացքում պարզվեց, որ գումարը չի հերիքի այս կամրջի վերականգնման համար, և որ քաղաքապետարանը մի քանի տարի առաջ այս կամրջի վերականգնման համար հատկացրել է մոտ 25 հազար լարի և կա նախագիծ: Բացի այդ, պարզվեց, որ կամուրջն իրենից ներկայացնում է պատմական արժեք, և վերանորոգման համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն:

Առաջարկ եղավ գումարը ծախսել զբոսայգու շինարարության վրա, սպորտային գույքի ձեռքբերման վրա, բայց հետո նրանք որոշեցին, որ կվերականգնեն խմելու ջրագիծը, ավելի ստույգ՝ ասբեստե խողովակները կվերափոխեն պլաստմասե խողովակներով և մնացած գումարով գյուղում կանցկացնեն լուսավորություն:

Մուրջախեթ գյուղի երիտասարդները դժգոհ մնացին առաջնահերթությունների ընտրությունից, նրանց խոստացել էին մինի խաղադաշտ, որը նրանք խնդրում են արդեն երկար տարիներ:

«Ընտրությունների ժամանակ մեզ խոստացել էին, որ կկառուցեն մարզադաշտ, նրանք մեզ արդեն 5 տարի է խոստանում են, բայց չեն կառուցում: Բոլոր գյուղերում կառուցվել են մինի խաղադաշտեր, իսկ մեր գյուղն անտեսվում է, մեր խաղադաշտն արդեն 15 տարի է կառուցել են», – ասում է Արտեմ Ճորուխյանը:

Նշենք, որ այս տարի մունիցիպալիտետը տեղական բյուջեով գյուղերում լուսավորում անցկացնել չի նախատեսել, այդ իսկ պատճառով բոլոր գյուղերն այսօր իրենց առաջնահերթություններում ընդգրկում են լուսավորությունը:

Նշենք նաև, որ բոլոր երեք հանդիպումներում ոչ մի կին չկար: