Այսօր, փետրվարի 12-ին Ախալքալաքում Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցը «Պետական լեզվի ուսուցման ծրագրի» շրջանակներում՝ վրաց լեզվին տիրապետող շրջանավարտներին վկայագրեր հանձնեց։

Ժվանիայի դպրոցի տնօրեն Քեթևան Ջաղելին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ «Պետական լեզվի ուսուցման ծրագիրը» հաջողությամբ ավարտած 82 շրջանավարտի վկայագրեր հանձնեց։ Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները պետական լեզվի իմացության ծրագրի՝ A1, A2, B1 և B1+ մակարդակի դասընթացներ են անցել։

Ժվանյաի դպրոցի տնօրենի տեղակալ Պաատա Կլդիաշվիլին կարևորում է այս նախագիծը։

«Ժվանյաի դպրոցը ակտիվորեն աշխատում է պետական լեզվի ուսուցման ուղղությամբ, երկրի բոլոր շրջաններում։ Մենք մոտավորապես տարեկան 3500-ից ավել ուսանող ենք ունենում։ Այս ծրագիրը լրացուցիչ հնարավորություն է տալիս Վրաստանի այն քաղաքացիներին, ովքեր չեն տիրապետում պետական լեզվին, սովորել վրացերեն, բարձրացնել աշխատանք գտնելու իրենց հնարավորությունները և ակտիվորեն մասնակցել երկրի զարգացման գործընթացին»,- ասաց Պաատա Կլդիաշվիլին։

Պետական լեզվի իմացության այս ծրագրի յուրաքանչյուր մասնակից ստանում է այն մակարդակի վկայագիր, որ մակարդակից քննություն է հանձնում։

«Դպրոց հաճախելուց առաջ մասնակիցները հանձնում են համապատասխան մակարդակի թեստ, որպեսզի պարզ դառնա տվյալ մասնակցի վրաց լեզվի իմացության աստիճանը, այնուհետև սկսում են սովորել համապատասխան մակարդակը, իսկ վերջում վկայագիր են ստանում նրանք, ովքեր հաջողությամբ են հանձնում քննությունը:

Քանի որ շատ մարդիկ դեռ չեն տիրապետում վրաց լեզվին, այդ պատճառով էլ ծրագիրը գործում է այսքան տարի և շարունակական բնույթ է կրում։ Դեռ շատերը չեն տիրապետում պետական լեզվին, այդ իսկ պատճառով էլ մենք ամեն տարի ավելացնում ենք ուսանողների քանակը: Կարծում ենք, որ մեր ուսանողները բավականին հաջողակ են», – հավելում է Զուրաբ Ժվանյաի դպրոցի տնօրենի տեղակալ Պաատա Կլդիաշվիլին:

Հավելենք, որ ուսումնական գործընթացն ընթանում է Ախալքալաքի տարածաշրջանային ուսումնական կենտրոնում և շարժական խմբերում։ Դասընթացները վարում են Ժվանյաի դպրոցի որակավորված մանկավարժները:

Գայանե Ակոջյան