Ախալքալաքը փոքր քաղաք է, որպեսզի մի ծայրամասից մյուսը ոտքով հասնես, անհրաժեշտ է 40 րոպեից ոչ ավել: Այստեղ փողոցների անուններն այնքան էլ հայտնի չեն, սովորաբար մարդիկ առաջնորդվում են որոշ հաստատությունների օգնությամբ, ինչպիսիք են «ՌՊՍ»-ը կամ Ախալքալաքի հասարակության շրջանում հայտնի մարդկանց տները: Մինչդեռ կան փողոցներ, որոնց անունները բնակիչների համար անհայտ են, կամ նրանք որևէ բանի մասին չեն խոսում:

Ախալքալաքում կա 43 փողոց և 9 նրբանցք: Փոխվել է քաղաքի 20 փողոցի և 2 նրբանցքի անուն: Հետխորհրդային տարածքում չկար որևէ քաղաք, որտեղ չլիներ Լենինի, Պերվոմայսկայայի, Կիրովի, Չկալովի, Ցետկինի, Մարքսի, Էնգելսի և այլն: Տեղանունների ստանդարտ փաթեթ կար նաև Ախալքալաքում, դրանցից ոմանք վերանվանվեցին, օրինակ՝ Ախալքալաքի Լենինի գլխավոր փողոցը դարձավ Ազատության (Թավիսուփլեբա), Ազատության փողոցի շարունակությունը, որը նախկինում կոչվում էր Զավոդսկայա, վերանվանվեց Վրաստանի թագավոր Դավիթ Շինարարի (Աղմանշենեբելի) անունով, Թամար թագուհու անունով վերանվանվեց կոմունիստ Մախարաձեի անվան փողոցը:

hin poghocnner

Փողոցի հին անվանումից մնացել է այս ժանգոտած ցուցատախտակը:

Ախալքալաքում 9 փողոց անվանակոչվել է անվանի հայ և վրաց գրողների անուններով, որոնք են՝ ծնունդով Գանձա գյուղից Վահան Տերյանը, Ախալքալաքի բնակիչ Դերենիկ Դեմիրճյանը, Չարենցը, «Ընձենավորը»-ի հեղինակ Ռուսթավելին, Ճավճավաձեն, Վաժա Փշավելան, Հայ գրերի ստեղծող Մաշտոցը, Թբիլիսիի «Վերնատան» հիմնադիր Թումանյանը:

Երկու փողոց անվանվել է գուսան Հավասու և աշուղ Ջիվանու անուններով, որոնք ծնունդով այս երկրամասից են: Ախալքալաքի փողոցները անվանակոչված են հայտնի գիտնականների անուններով, օրինակ՝ վերջերս հայտնվեց Ախալքալաքի հայտնի կենսաքիմիկոս Բորիս Լոմսաձեի անվան փողոցը, Կնունյանցը քիմիկոս է, Նազարեթյանը՝ հայտնի բժիշկ, կա նաև փողոց, որը հայտնի անվանի ակադեմիկոս Ջավախիշվիլիի անունով է, որը Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրն է: Նախկինում այս փողոցը կոչվում էր հեղափոխական Օրջոնիկիձեի անունով:

Երկրորդ համաշխարհային պատերազմը նույնպես հետք թողեց Ախալքալաքի վրա: Թվով 2 փողոց անվանակոչվեց ԽՍՀՄ հերոսների անուններով, որոնցից Վաչագան Վանցյանը Զակ գյուղից էր, և մեդալ ստացավ խիզախության համար: Իսկ Սովետական Միության հերոս Լևոն Դարբինյանը ծագումով Ալաստան գյուղից էր:

poxoc3

Խորհրդային Միության փլուզումից հետո Ախալքալաքն ընդլայնվեց, քաղաքի այն մասերը, որոնք նախկինում ծառայում էին որպես զինվորական ավաններ, իսկ դրանք 3-ն էին, դարձան բնակելի, ուստի հայտնվեցին նոր փողոցներ: Դրանցից որոշները դեռ անուն չունեն: Բնակիչները սկսեցին կառուցել իրենց տները գիշերօթիկ դպրոցի ետնամասում, որին նախկինում անվանում էին թիվ 5 հանրակրթական դպրոց: Երկար ժամանակ այս փողոցները պարզապես անվանվում էին թիվ 1 և թիվ 2, բայց վերջերս փողոցները վերանվանվել են հայ հասարակական և քաղաքական գործիչների՝ Ռուբեն Տեր Մինասյանի և Զատիկյանի անուններով:

poxoc

Մեկ այլ քաղաքական և հասարակական գործիչ Մալխասյանի անունով փողոցը վերանվանվեց 2018-ին և այժմ կրում է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը, որի ծնողները Ախալցխայից էին: Նախկին Կարլ Մարքսի փողոցը կոչվում է Վազգեն Սարգսյանի անունով, նա հայտնի հայ պետական գործիչ էր և ռազմական ղեկավար, գրող, մահացել էր 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում: Կարլ Մարքսի գործընկեր Ֆրիդրիխ Էնգելսի անունով փողոցը վերանվանվեց Հայաստանի հետխորհրդային վարչապետներից մեկի՝ Անդրանիկ Մարգարյանի անունով:

Սակայն Ախալքալաքում դեռ կան բավականին փողոցներ, որոնք անվանվել են խորհրդային շրջանում: Դրանք 10-ն էին, սակայն վերջերս Հեղափոխական Դերժինսկու անունով փողոցը վերանվանվեց աշուղ Հավասու անունով: Այնուամենայնիվ դեռևս պահպանվում են հեղափոխականների անուններով փողոցներ՝ Կեցխովելի, Աղամալյան, Միկոյան, Կամո, Սպանդարյան, Նալբանդյան, Մյասնիկյան (Մյասնիկով), Թելման և Շահումյան, որը գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների հետ:

Փողոցներից մեկը կոչվում է անվանի քանդակագործ, մոնումենտալիստ Զուրաբ Ծերեթելիի անունով:

Որոշ դեպքերում անհնար էր պարզել, թե ում անունով է կոչվել այս կամ այն փողոցը, օրինակ, Ախալքալաքի փողոցներից Ձնելաձեն պարզ չէ, թե որ Ձնելաձեն է, քանի որ գոյություն են ունեցել երեք հայտնի Ձնելաձեներ: Խոսքն արդյոք գնում է Գիորգի Ձնելաձեի՝ սովետական և ռուսական ֆուտբոլի պաշտպանի մասին, կամ Դավիթ (Դուդե) Ձնելաձեի՝ վրաց սովետական ռեժիսորի, Վրաստանի վաստակավոր գործչի մասին, թե դա Ռոման Ձնելաձեն է՝ սովետական դասական ոճի ըմբիշը: Մեզ հասած փաստաթղթերում անունները չեն հստակեցվում: Մեզ չհաջողվեց պարզել, թե ում անունն է ստացել Ուկմերսկայա փողոցը: Ոչ բնակիչները, ոչ տեղական իշխանությունները տեղյակ չեն այդ մասին: Ախալքալաքի քաղաքապետարանի Սակրեբուլոյից հայտնում են, որ շատ փողոցների անունները, ինչպես այս մեկը, «ստացել են որպես օժիտ»:

Չնայած Ախալքալաքում ծով չկա, իսկ գետերը հոսում են քաղաքի երկու կողմի ձորերով, այնուամենայնիվ կա մի փողոց, որը ռոմանտիկորեն կոչվում է Առափնյա: Այդ փողոցն իր անունը ստացել է այն պատճառով, որ գտնվում է այն լանջին, որի հետևում հոսում է Կրխբուլախ գետը: Ի դեպ, ժամանակին գոյություն ուներ նաև Կրխբուլախ փողոցը, բայց վերանվանվեց Վրաստանի ամենահայտնի սրբի՝ Նինոյի անունով: Նախկին Ցխակայան վերանվանվեց Թբիլիսյանի: Կա նաև Ջավախեթյան փողոց` ի պատիվ այն տարածաշրջանի, որտեղ գտնվում է Ախալքալաքը: Մի պահ Կիրովի փողոցը կոչվում էր Երևանյան, բայց հետո ի պատիվ հայ մեծանուն գրող և հեքիաթագիր Թումանյանի վերափոխվեց, իսկ նախկին Թումանյանը դարձավ Երևանյան:

Որոշվեց նաև 2008 թվականին Ցխինվալիում կռված և զոհված, Կոկիո գյուղի բնակիչ Թամազ Մելիքաձեի անունով վերանվանել Պոգրանիչնայա փողոցը: Այնպես էր ստացվել, որ այդ փողոցը գտնվում էր Խորհրդային նախկին ռազմաբազայի տարածքում:

Jnews-ը չկարողացավ գտնել ավելի մանրամասն տեղեկություններ և պաշտոնական փաստաթղթեր, որտեղ հստակ նշված կլինեն փողոցները, և հնարավոր կլինի ճշտել տեղեկություններ, թե ում անունն են նրանք ստացել: Ախալքալաքի քաղաքապետարանից մեզ վերահասցեավորեցին Սակրեբուլո՝ հիմնավորելով, որ նրանք նման տեղեկություններ չունեն: Այնուամենայնիվ, այն տեղեկատվությունը, որը մեզ տրամադրվեց Սակրեբուլոյում, անճշտություններ կային, օրինակ, ելնելով այդ փաստաթղթից, Ախալքալաքում կա Էնգելսի փողոց, չնայած տեղեկատվության որոնման ընթացքում մենք ճշտեցինք, որ այս փողոցը վերանվանվել է Մարգարյանի անունով: Այնուամենայնիվ, հոդվածի հիմնական տեղեկատվությունը հիմնված է այս փաստաթղթի վրա:

Քրիստինե Մարաբյան