Հոկտեմբերի 15-ին Ախալքալաքում տոնեցին գյուղի կանանց համաշխարհային օրը: Շրջանի 7 գյուղերից հրավիրված կանայք մեծարվեցին և փոքրիկ նվերներ ստացան:

Ջավախքի գյուղերի կանայք առանցքային դեր են խաղում գյուղական վայրերի տնտեսությունների զարգացման գործում: Գյուղերում ապրող կանայք իրենց ընտանիքները ապահովում են սննդամթերքով, ջրով և վառելիքով, զբաղվում են նաև ոչ գյուղատնտեսական գործունեությամբ, որը կարևոր նշանակություն ունի կայուն միջոցների ապահովման և տնային տնտեսությունների պարենային անվտանգության համար:

Ջավախքում ապրող կանանց ուսերին է ծանրացած նաև երեխաների ու մեծահասակների խնամքը: Տարվա 6-8 ամիսը Ջավախքի կանայք միայնակ իրենց ուսերին տանում են առհասարակ բոլոր հոգսերը: Գյուղերում ապրող կանայք նույնիսկ տեղյակ էլ չեն, որ գոյություն ունի գյուղի կանանց տոն:

Տեղեկանալով տոնի մասին Ախալքալաքի կանանց սենյակը, Վարչության նախագահն ու մեծամասնական պատգամավորը միասին նախաձեռնել են անակնկալ մատուցել գյուղի կանանց: Ախալքալաքի 7 գյուղերից հրավիրել էին բազմազավակ կանանց, զրուցել նրանց հետ և փոքրիկ նվերներ մատուցել:

«Ախալքալաքը գյուղատնտեսական շրջան է, շատ կարևոր օր է, որովհետև գյուղի կանայք իրենց առողջության հաշվին են աշխատում, մեզ ավելի շատ օգուտ են տալիս, քան մնացած կանայք տները նստած»,- ասաց Ախալքալաքի կանանց սենյակի մենեջեր Անահիտ Ասատուրյանը:

1995թ. սեպտեմբերին Պեկինում ՄԱԿ-ի կանանց խորհրդաժողովի ժամանակ առաջարկվեց և ընդունվեց գյուղի կնոջ համաշխարհային օրը նշելու գաղափարը, որոշվեց այն նշել ամեն տարի՝ հոկտեմբերի 15-ին՝ պարենի համաշխարհային օրվա (հոկտեմբերի 16) նախօրեին, գյուղի կնոջ դերը սննդամթերքների արտադրության և պարենային անվտանգության գործընթացում ընդգծելու համար:

Աղունիկ Այվազյան