Անցած գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ։ Այս մասին Կառավարության փետրվարի 6-ի նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են առանց մաքսային ձևակերպման ապրանքներ ներկրելուն։ Այսինքն՝ մեքենաները եկել և ուղղակի անցել են մաքսային սահմանով։

«Ես զարմանում եմ այդ մարդկանց և նրանց տրամաբանության վրա, որովհետև տպավորություն է, թե այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում, սոցիալական ցանցերին չեն հետևում, լուրերին ընդանրապես չեն հետևում։ Եթե որևէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային, տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք բոլորովին ուրիշ բան, այդ մարդիկ չարաչար սխալվում են։ Ուզում եմ կրկնել, որ մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու։ Թող որևէ մեկը չկասկածի։ Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ՝ կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները»,- նշել է վարչապետը։