Այսօր՝ փետրվարի 5-ին, առավոտվանից՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, սկսվեց ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի այցը Ախալքալաք: Առաջինը նրանք այցելել են Ջավախքի լրատվական կենտրոնի գրասենյակ:

Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան փետրվարի 1-ին՝ անմիջականորեն տեղեկանալու Վրաստանի հայության կյանքի և խնդիրների մասին: Նա այցելել է Թբիլիսի, Ախալցիխե, իսկ այսօր նա հանդիպում է Ախալքալաքի և Նինոծմինդայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Վրաստան այցի շրջանակներում Սինանյանը հանդիպել է կառավարության ներկայացուցիչների, տարածաշրջանային և մունիցիպալ իշխանությունների հետ, ամենուրեք հանդիպումներ է ունեցել հայ համայնքի հետ, իսկ որոշ տեղերում`ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Հանձնակատարի այցը Վրաստան կրում է ճանաչողական բնույթ:

Jnews-ի գրասենյակում հանձնակատարն ու դեսպանը հետաքրքրվեցին Ջավախքի բնակչությանը հուզող հարցերով, ինչպես նաև ասացին, որ նրանք կաշխատեն այս խնդիրները լուծելու ուղղությամբ:

Jnews-ում կայացած հանդիպումից հետո Ախալքալաքի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում բնակչության և տեղական իշխանությունների հետ: