Ախալքալաքի բնակիչները բազմիցս դիմել են Jnews.ge-ին՝ բողոքելով, որ Արդարադատության տան աշխատակիցներին չեն թույլատրում նրանց հետ շփվել իրենց և աշխատողների համար հասանելի հայերենով, ինչը հանգեցնում է թյուրիմացությունների և հաճախ մարդիկ ստիպված են լինում մի քանի անգամ փաստաթղթեր ներկայացնել՝ ծառայության հայտադիմումը լիարժեք լինելու համար:

Արդարադատության տանից պարզաբանում են, որ նրանք վարչական գործավարությունը վարում են պետական լեզվով:

Արդարադատության տունը դա այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալու շուրջ 450 պետական և մասնավոր ծառայություններ: Այս ծառայությունները միշտ չէ, որ մատչելի են Ախալքալաքի Արդարադատության տան գեղեցիկ շենքում՝ լեզվական բարդությունների պատճառով:

Jnews.ge-ի լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու հայազգի աշխատակցուհին իրեն չի բացատրում իր համար անհրաժեշտ տեղեկատվությունը նրանց երկուսի համար հասանելի՝ հայոց լեզվով, Արդարադատության տան աշխատակցուհին պատասխանեց, որ ըստ ներքին կանոնակարգի, նա իրավունք չունի տեղեկատվություն տրամադրել հայերենով:

Մի շրջանում, որտեղ բնակիչների ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են և պետական լեզվի իմացության խնդիր ունեն, այս փաստը հանգեցնում է կոնֆլիկտների և թյուրիմացությունների: Հաճախ, նույն մարդիկ, լեզվական պատնեշի պատճառով, մի քանի անգամ սխալ փաստաթղթեր են ներկայացնում Արդարադատության տուն, ինչի արդյունքում ոչ միայն ժամանակ են վատնում, այլև ֆինանսական միջոցներ:

«Ես վատ չեմ հասկանում վրացերեն: Մի քանի անգամ ընկել եմ հայերի մոտ: Մի անգամ մեկին հարցրեցի, թե ինչու հայերեն չի խոսում, նա ոչինչ չպատասխանեց: Ռուսերեն պատասխանեց, որ կա թարգմանիչ: Այստեղ, հիմնականում ապրում են հայեր: Տղամարդիկ գնում են խոպան, կանայք, ովքեր չգիտեն ոչ վրացերեն, ոչ ռուսերեն, գալիս են փաստաթղթերը կարգավորելու, ինչպե՞ս պատասխանել նրանց: Նրանք պետք է իմանան ինչպես վրացերեն, այնպես էլ ռուսերեն և հայերեն: Կարծում եմ, որ դա սխալ է: Սա պետական հաստատություն է, և նրանք պետք է բացատրեն բնակչությանը, այլ ոչ թե փաստի առաջ կանգնեցնեն: Մարդիկ, չհասկանալով, սխալ փաստաթղթեր են պատրաստում, բայց ինչո՞ւ պետք է այդպես լինի, եթե նրանք հասկանան միմյանց, մի քանի անգամ ստիպված չենք լինի այստեղ-այնտեղ գնալ», – ասում է Դիլիսկա գյուղի բնակիչը:

Հաճախ մատչելի լեզվով տեղեկատվություն չներկայացնելը հանգեցնում է վիճաբանությունների և կոնֆլիկտների:

«Ես հարցնում եմ, թե ինչու հայերեն չեք պատասխանում, նրանք ասում են վրացերեն խոսեք: Ի՞նչ է նրանք չգիտեն, թե մենք ինչ խնդիրներ ունենք պետական լեզվի իմացության հետ», – ասում է Ախալքալաքի բնակչուհին:

Եթե երիտասարդ սերունդը քիչ թե շատ հասկանում և սովորում է վրացերենը, կամ ինչ-որ կերպ բացատրում է, ապա լեզվական պատնեշը դեռ շարունակում է անհաղթահարելի մնալ ավագ սերնդի համար:

«Ես իմ գործերով Արդարադատության տանն էի, սպասում էի հերթիս, որպեսզի գրանցվեի օպերատորի մոտ: Ինձնից առաջ մի տարեց կին էր, և ես տեսնում եմ, որ նա չի կարողանում բացատրել, թե ինչ է իրեն պետք, քանի որ աղջիկը՝ Արդարադատության տան աշխատակցուհին, ինչ-որ բան է ասում վրացերենով: Նրանք երկար ժամանակ չէին կարողանում միմյանց հասկանալ, ես ուզեցա օգնել, քանի որ վրացերենին տիրապետում եմ, նայեցի աշխատակցի անվանապիտակի վրա, որպեսզի դիմեմ նրան իր անունով, տեսնեմ ազգանունը հայկական է, հարցրի նրան, թե ինչու չի բացատրում այս կնոջը հայերենով, նա պատասխանեց, որ չի կարելի պատասխանել հայերենով, որ դա կարգադրություն է: – Հայերեն պատասխանել, որ սա հրամանագիր է: Տարօրինակ է, բայց օպերատորը` վրացական ազգանվամբ ինձ հետ սկսեց խոսել հայերենով, չնայած որ ես նրան բարևեցի վրացերենով: Այդպես էլ չհասկացա, թե ինչ է կատարվում», – ասում է Ախալքալաքի բնակիչը:

Վրաստանի Արդարադատության տանից՝ տեղեկությունների բազմիցս պաշտոնական գրավոր և բանավոր հայցադիմումների արդյունքում մեզ պատասխանեցին, որ Վրաստանի բոլոր պետական հաստատություններում գործավարությունը պետք է ընթանա վրացերենով:

«Արդարադատության տունը, ինչպես նաև այն հաստատությունները, որոնց ծառայություններն առաջարկվում են Արդարադատության տանը, իրենցից ներկայացնում են վարչական մարմիններ, և, գործունեություն ծավալելով առաջնորդվում են Վրաստանի օրենսդրությամբ: Մասնավորապես, գործավարության ժամանակ մենք հենվում ենք «Վրաստանի Ընդհանուր Վարչական օրենսգրքի» պահանջներին: Սույն օրենսգրքի 14-րդ հոդվածը վարչական գործավարության լեզուն սահմանում է Վրաստանում՝ վրացերենը, իսկ Աբխազիայում՝ աբխազերենը», – ասվում է Jnews.ge-ի հարցմանը Արդարադատության նախարարության պատասխանում:

Այնուամենայնիվ, այն անձինք, ովքեր բողոքել են Արդարադատության տան ծառայությունից, չեն նշում փաստաթղթերի լեզուն, քանի որ դրա հետ կապված որևէ խնդիր չի առաջանում, Արդարադատության տանը ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետական լեզվով են, բացի այդ, հարակից աշխատում են թարգմանչական գործակալությունները: Բողոքն աշխատողների և այցելուների միջև շփման հետ է կապված, որը հաճախ չի ստացվում լեզվական պատնեշի պատճառով:

Հաղորդակցման հետ կապված, մեր հայցադիմումին պատասխան չկա:

«Հատկապես ուզում ենք նշել, որ Արդարադատության պալատը հարգում է բոլոր մարդկանց մշակութային ինքնությունը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող յուրաքանչյուր մարդու լեզվական և էթնիկական ինքնությունը: Մենք փորձում ենք աջակցել բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր չեն տիրապետում պետական լեզվին՝ Արդարադատության տան առաջարկած ծառայությունների մատչելիության համար: Այնուամենայնիվ, աջակցությունը չի ենթադրում օրենքի պահանջների անտեսում: Արդարադատության տունը չի հրաժարվել որևէ քաղաքացու ծառայություններ մատուցել պետական լեզվի չիմացության պատճառով, եթե հաշվի են առնվել «Ընդհանուր վարչական օրենսգրքի» պահանջները: Հատկանշական է, որ ծառայություններից օգտվողները հստակ հասկանում են օրենքի այս պահանջը, որը մեր կողմից ողջունվում է», – ասվում է Jnews.ge-ի հարցմանը Արդարադատության նախարարության պատասխանում:

Քրիստինե Մարաբյան