Ախալքալաքում կարտոֆիլի բերքահավաքը եղանակային պայմանների պատճառով ձգձգվում է, շրջանում հավաքվել է բերքի մոտ 50%-ը, սակայն գյուղացիները արդեն դժգոհում են բերքի սակավությունից:

Ախալքալաքի շրջանում անձրևային եղանակի պատճառով արդեն երկու շաբաթ է ինչ բերքահավաքը դադարեցված է: Նրանք ովքեր հավաքել են, դժգոհում են, որ բերքը չի ստացվել, իսկ նրանք ովքեր դեռ չեն հավաքել, վախենում են, որ կսկսվի ցրտահարությունը և ավելի վատ բերք կունենան:

Շրջանում առայժմ հավաքված է բերքի մոտ 50%-ը: Բայց արդեն խոսվում է անբերքատու տարվա մասին: Խանդո գյուղի բնակիչ Սերոժ Զուռնաջյանը ցանել է կարտոֆիլ 3 հա հողում, որից առայժմ հավաքել է 15 արը:

«Ես գոհ չեմ բերքից: Երբ ջրելու կարիք կար անձրև չկար: Իսկ մենք հնարավորություն չունենք դաշտերը ոռոգելու: Մենք եղանակի հույսով էինք»,- ասում է նա:

Կարտոֆիլի բերքից դժգոհ են նաև նրանք ովքեր ջրել են իրենց դաշտերը, և նրանք ովքեր` չեն ջրել:
Էդիկ Կիրակոսյանը տնկել է Չամդուրա գյուղում, որտեղ կան մեծ ցանքատարածություններ և բերքատվության ցուցանիշը ավելի բարձր է, 50 ար հող:

«Ես հավաքել եմ 3 տոննա խոշոր և 5 տոննա մանր կարտոֆիլ: Երրորդ տարվա սերմեր էին: Ես շատ դժգոհ եմ: Ես և ջրել եմ, և դեղել, ոչ միայն ազոտով, նաև այլ թանկարժեք վիտամիներով, սակայն բերքը վատ է ստացվել: Այս տարի տարին ուղղակի ոչ բերքատու էր»,- ասում է Էդիկ Կիրակոսյանը:

Նրա խոսքով Չամդուրա գյուղում դեռ հավաքվել է բերքի 30-40%-ը:

Սերոբ Մկոյանը Օրջա գյուղից ցանել է 4 հա կարտոֆիլ, բայց հասցրել է հավաքել միայն կեսը:

«Անընդհատ անձրևներ: Դաշտեր մտնելու հնարավորություն չկա: Վախենում ենք, հանկարծ որ ձյուն կգա և կարտոֆիլը կմնա դաշտերում: Ես սերմը գնել եմ կիլոգրամի համար վճարելով 2,65 լարի, սակայն դժգոհ եմ բերքից»,- ասում է Սերոբ Մկոյանը:

Գյուղացիները դժգոհ են ոչ միայն ստացված բերքից, այլ նաև կարտոֆիլի գներից:
Նրանց խոսքերով, ինչքան որ վճարում են գնորդները չի փակում ինքնարժեքը:

Անդրանիկ Հակոբյանը իր 10 ար հողատարածքից հավաքել է 1տ և 500 կգ կարտոֆիլ:

«Սերմը գնել եմ 2,70 լարով: Գնորդները կիլոգրամի համար վճարում են 60-65 թեթրի: Դա մեզ ձեռնտու չի: Պետք է կիլոգրամը վաճառել գոնե 70-75 թեթրիով, որ կարողանանք փակել ծախսերը»,- ասում է Անդրանիկ Հակոբյանը:

Վալեր Արևյանը Օրջա գյուղից ասում է, որ ամեն ինչ թանկանում է, իսկ կարտոֆիլը չգիտես ինչու էժանանում:
Ներկա պահին գյուղացիները սպասում են եղանակի ողորմությանը, որպեսզի կարողանան հավաքել այն բերքը, որի հիմա հողի մեջ է և որի հետ նրանք կապել են իրեց հույսերն ու նպատակները:

Շուշան Շիրինյան