Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից 120 048 լարի է հատկացվել Կարտիկամ գյուղի ջրագծի ասբեստե խողովակները պլաստմասսե խողովակներով փոխարինելու համար:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի այն հատվածը, որը գտնվում է համեմատաբար ավելի բարձր, միշտ խմելու ջրի պակասի խնդիր է ունեցել, հատկապես ձմռան շրջանում:

Ըստ Կարտիկամի լիազոր Շալո Էլիզբարյանի, ջրագիծը ծառայում է երկար տարիներ և ասբեստե խողովակների վրա ճեղքեր են գոյացել, ջուրը դուրս է հոսում, և ըստ այդմ՝ ճնշման անկում է նկատվում, ինչի արդյունքում գյուղացիները հաճախ ջրի պակաս են ունենում:

Նրա պնդմամբ՝ նախագիծը կազմվել է դեռ 2019 թվականին, այս տարի նրանք պետք է աշխատանքներ իրականացնեն խողովակների փոփոխման ուղղությամբ:

Ըստ գյուղացիների՝ ջրագծի վրա առկա ճաքերի մեծ քանակության պատճառով ճանապարհին մեծ քանակությամբ ջուր է կորչում:

«Անցյալ տարի քաղաքապետարանի ներկայացուցիչները եկան, տեսան տեղանքը, հետո արդեն նախագիծը կազմեցին», – ասում է Շալո Էլիզբարյանը:

Ընդհանուր առմամբ, փոխվելու է 2 կմ 200 մետր խողովակաշար, ​​որը գյուղի մի մասը ապահովում է խմելու ջրով:

Գյուղի լիազորի խոսքով՝ այս պահին գումարը հաստատված է, թե կոնկրետ, երբ կսկսեն աշխատանքները, դա հայտնի կդառնա տվյալ աշխատանքների իրականացման տենդերը հայտարարելուց հետո:

Բրատիսլավ Իգիթխանյան