Վրաստանի Կառավարության կողմից բիզնես-ոլորտին առաջարկվող օբյեկտներից 38-ից ավելին արդեն սեփականաշնորհվել են «100 ներդրումային առաջարկ բիզնեսին» ծրագրի շրջանակներում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «100 ներդրումային առաջարկ բիզնեսին» նախագիծը նախատեսում է միաժամանակ հարյուր զուգահեռ աճուրդների անցկացում և պետական ​​գույքի սեփականաշնորհում` պարզեցված ընթացակարգերով:

«Մինչ օրս սեփականաշնորհվել է ավելի քան 38 օբյեկտ, և մենք բյուջեում ունենք բավականին լուրջ եկամուտ: Այստեղ ամենակարևորն այն է, որ, ինչպես մենք խոստացանք մեր տնտեսությանը, մեր բիզնեսին, այս ցանկը միշտ բաղկացած կլինի առնվազն 100 օբյեկտից», – հայտարարել է Գախարիան:

Ախալքալաքի մունիցիպալիտետում աճուրդի հանված 11 օբյեկտներից միայն «100 ներդրումային առաջարկ բիզնեսին» կառավարչական ծրագրով վաճառվել է ընդամենը երկու օբյեկտ:

Վարչապետի խոսքով՝ այս նախագիծը կօգնի պատասխանել Վրաստանի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերներից մեկին՝ աշխատատեղերի պակասին:

Սեփականաշնորհման համար նախատեսված գույքի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Պետական ​​գույքի ազգային գործակալության պաշտոնական կայքում, որտեղ յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ տարբեր ներդրումային առաջարկների և մասնակցել էլեկտրոնային աճուրդին:

Օբեկտների ցանկում ներառված են պետության սեփականության տակ գտնվող անշարժ գույքը՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ երկրի տարբեր շրջաններում: Դրանց թվում կան արդյունաբերական օբյեկտներ, պահեստային և ֆերմերային տնտեսություններ, բժշկական հաստատություններ, մարզական ենթակառուցվածքներ, հյուրանոցներ և այլն: