Ախալքալաքի շրջանային դատարանից հայտնում են, որ Ա.Մ.-ն, որի դատապարտման դեմ այսօր բողոքում էր Ախալքալաքի երիտասարդությունը, իրավունք ունի դատավճիռը բողոքարկել Թբիլիսիի վերաքննիչ դատարանում, այնուհետև այս դատարանի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոք ներկայացնել նաև Գերագույն դատարան:

Այսօր՝ հունվարի 29-ին, առավոտվանից, ավելի քան 100 երիտասարդներ հավաքվել էին Ախալքալաքի քաղաքապետարանի շենքի մոտ: Նրանց բողոքի պատճառն այն էր, որ երկու օր առաջ Ախալքալաքի շրջանային դատարանը նրանց ընկերոջը դատապարտել էր 4 տարվա ազատազրկման՝ գողության համար: Իրենց բողոքն արտահայող երիտասարդները գտնում են, որ Ա.Մ.-ի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ դատարանում չեն եղել:

«Հունվարի 27-ին Ախալքալաքի շրջանային դատարանը որոշում է կայացրել Ա. Մ.-ի նկատմամբ երկու դրվագներով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին մասի և երկրորդ մասի «ա» և «բ» ենթակետերի համաձայն: Դատարանի վերջնական որոշումը 4 տարվա ազատազրկումն է: Դատապարտյալ անձն իրավունք ունի բողոքարկել Շրջանային դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, և այս ատյանի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկել Վրաստանի Գերագույն դատարան», – պարզաբանեցին Ախալքալաքի շրջանային դատարանում:

Գործն ընթացել է երկու դրվագներով՝ Ախալքալաքի Աղմաշենեբելի փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութի գողության դեպքի, ինչպես նաև Ախալցիխեում «Սմարթ» խանութի գողության դեպքի առթիվ: Գործն ընթացել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հատկանիշներով, մասնավորապես՝ «Գողություն, այսինքն՝ ուրիշի շարժական գույքի գաղտնի տիրապետում՝ ապօրինի յուրացման նպատակներով» (պատժվում է տուգանքով կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով կամ նույն ժամկետով ազատազրկմամբ): Նաև այս նույն արարքի համար, որը զգալի վնասի է հանգեցրել՝ ապօրինի մուտք կատարելով տարածք կամ այլ պահեստ (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով):