Այսօր, հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը դարձավ 28 տարեկան: ՀՀ Զինված ուժերը Հայաստանի պետական ռազմական կառույց է, որի գլխավոր նպատակն է` պաշտպանել Հայաստանի պետական սահմանները և տարածքային ամբողջականությունը։

Հայոց բանակի ստեղծման օրը համարվում է 1992-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Այսօր, Հայկական Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Վարչապետը ծաղիկներ է դրել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առիթով, մասնավորապես նշելով՝

«Սիրելի հայրենակիցներ, Հայկական բանակը յուրաքանչյուր օր մեզ տալիս է ամենաթանկը՝ խաղաղության և ապահովության զգացում։

Այս հունվարի 28-ին էլ տարվա մյուս բոլոր օրերի նման շարունակենք աղոթել մեր զինվորների համար՝ ձե՛զ համար, հարգելի՛ զինվորներ, ազատամարտիկներ, սպաներ և գեներալներ, ձե՛զ համար, զինծառայողների հարգելի ծնողներ, ձե՛զ համար, մեր սիրելի հերոսների հարգելի ծնողներ ու հարազատներ։

Մտածենք և գործենք մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի, մեր այսօրվա ու վաղվա համար։ Փա՛ռք մեր զինված ուժերին: Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետությունները: Աստված պահապան բոլորիս»։

Տոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը Հայաստանում ոչ աշխատանքային օր է: