Կորոնավիրուսի տարածման ռիսկն առկա է նաև Վրաստանում, ուստի իշխանությունները պետք է պատրաստ լինեն միջոցներ ձեռնարկել հիվանդության պատճառով: Այս մասին այսօր ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վրացական գրասենյակի ղեկավար Սիլվիու Դոմենտեն:

«Վրաստանում կա նոր վիրուսի տարածման ռիսկ, ինչպես և մյուս երկրներում: Ըստ մեր կանխատեսումների, կարող է առաջանալ վիրուսի արտահանում: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր Չինաստանից Վրաստան են ժամանում, կարող են պոտենցիալ վիրուսի փոխանցողներ դառնալ: Սա հատկապես վերաբերում է այն մարդկանց, ովքեր ժամանում են Չինաստանի այն շրջաններից, որտեղ տարածված է վիրուսը», – հայտարարել է Դոմենտեն:

ԱՀԿ-ն հանձնարարական է տալիս, որ վրացի փորձագետները պետք է հնարավորինս արագ բացահայտեն կասկածելի փաստերը, իսկ անհրաժեշտության դեպքում ապահովեն վարակվածների մեկուսացումը: Դոմենտեն նաև նշել է, որ Չինաստան մեկնող բոլոր Վրաստանի քաղաքացիները պետք է տեղեկատվություն ունենան հիվանդության մասին և ստանան համապատասխան հանձնարարականներ:

«Նրանք պետք է անպայման նախազգուշացվեն, պիտի ստանան հանձնարարականներ՝ կապված վարքի կանոնների հետ: Հիմնական խորհուրդը հիգիենայի պաշտպանությունն է և անվտանգ մթերքների օգտագործումը… Անհրաժեշտ է զերծ մնալ հում մսամթերքով, ձկնեղենով և կաթով սնվելուց», – ասել է Դոմենտեն:

Նրա խոսքով՝ Չինաստանում զբոսաշրջիկներին նույնպես կտրականապես խորհուրդ է տրվում չայցելել ձկնային կամ որևէ այլ շուկաներ: Պարտադիր են բժշկական դնչակալները:

Ավելի վաղ, Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն նույնպես հայտարարել էր երկրում կորոնավիրուսի տարածման հավանականության մասին: Գամղրելիձեն նշեց, որ նման ռիսկերը նվազագույն են, բայց վրացի փորձագետները դեռ պետք է պատրաստ լինեն դրան: Կորոնավիրուսն արագ հայտնաբերելու համար ընդլայնվել են Թբիլիսիի Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտական կենտրոնի լաբորատոր հնարավորությունները:

Վրաստանի բոլոր անցակետերում տեղադրվելու են պաստառներ, որի միջոցով ճանապարհորդները կիմանան, թե ուր պիտի դիմել հիվանդության նախանշանների առկայության դեպքում:

Արդեն հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր տիպը՝ Թաիլանդում, Վիետնամում, Կորեայի Հանրապետությունում, Սինգապուրում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում: Նախկինում հաղորդվել էր 849 վարակվածների մասին: Մինչ օրս հիվանդության տարածման սկզբնական շրջանից դուրս գրանցվել է մահվան ելքով 26 դեպք՝ Հեբեյ նահանգում և Սույխուա քաղաքում (Հեյլունցզյան հյուսիսարևելյան նահանգը):

Հունվարի 24-ի առավոտյան ստացված տվյալների համաձայն՝ 177 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, բուժվել և արդեն դուրս է գրվել բուժհաստատություններից 34 մարդ: Գրանցվել է նաև հիվանդության 1072 ենթադրյալ դեպք:

Նյութը՝ «Грузия онлайн»-ից