Մոտ 10 տարի առաջ վերականգնվեց Նինոծմինդայից Ծալկայով Թբիլիսի տանող ճանապարհը: Նախկինում այս հատվածի գյուղերն ամենաանհասանելին և մեկուսացվածն էին: Այն օրվանից, երբ ճանապարհը վերականգնվեց, այս վայրերում կյանքը կտրուկ փոխվեց: Ճանապարհն աշխուժություն բերեց այս գյուղեր, ինչպես նաև հնարավորություն է տվել անցորդներին զմայլվել Սաղամո և Փարվանա լճերի գեղեցկությամբ:

gora

Նախկինում Նինոծմինդայի մունիցիպալիտետի ամբողջ տարածքում շատ դուխոբորներով բնակեցված (Դուխոբորներ՝ պատմականորեն ռուսական կրոնական խումբ, որը մերժում էր եկեղեցու արտաքին ծեսերը) գյուղեր կային: Այդ գյուղերից մի քանիսի տեղանունները փոխվել են, օրինակ՝ Ռոդիոնովկա գյուղի անունը փոխարինվել է Փարվանայվով՝ Վրաստանի ամենամեծ լճի՝ Փարվանայի անվամբ, որի ափին էլ գտնվում է համանուն գյուղը:

radionovka 2

Տեղանվան հետ մեկտեղ փոխվել է նաև գյուղի էթնիկ կազմը: Ռուսները, ովքեր այստեղ ապրում էին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո տեղափոխվել են Ռուսաստան: Այժմ այստեղ են ապրում Փոկա, Գանձա և մոտակա գյուղերի, ինչպես նաև Ծալկայի մունիցիպալիտետից տեղափոխված հայերը: Չնայած դրան, նախկին Ռոդիոնովկայում ապրում է մի ծեր դուխոբոր կին, բայց ձմռանը նա մեկնում է Ռուսաստան՝ իր երեխաների մոտ:

Radionovka 6

radionovka 3

Փարվանայում ապրում է 80 ընտանիք, ինչպես ասում են բնակիչները, գյուղում փակ դռներ չկան, և մինչև վերջերս այստեղից չեն գնացել Ռուսաստան՝ արտագնա աշխատանքների: Արտերկրում վաստակելն արդիական է դարձել վերջին 3-4 տարվա ընթացքում: Հիմնականում այստեղ զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլ քիչ են ցանում, բայց բնությունը հնարավորություն է տալիս պահել մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուններ և ոչխարների մեծաքանակ հոտեր: Տեղի բնակիչների խոսքով՝ արոտավայրերի խնդիր այստեղ չկա: Տեղի բարերարներից մեկը 45 տարով վարձակալել է արոտավայրերը և հանձնել գյուղացիներին, որպեսզի նրանք անհատույց օգտվեն հարուստ մարգագետիններից:

radionovka 7

Բնակիչները խոստովանում են, որ ճանապարհը բացվելուց հետո կյանքը բարելավվել է, քանի որ ձմռանը ճանապարհը չի փակվում ինչպես նախկինում, տեղի իշխանությունները լավ են աշխատում այս ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում էլ, 40 րոպեի ընթացքում շտապօգնությունը հասնում է գյուղ:

Չնայած այստեղ էլ առանց խնդիրների չեն ապրում, գյուղում բնական գազ չկա: Գյուղում, ինչպես ցանկացած այլ վայրում, որտեղ անասուններ են պահում, որպես վառելիք է ծառայում աթարը: Այնուամենայնիվ, 21-րդ դարում մարդիկ հակված են ունենալ ամենատարրական հարմարությունները, ուստի գյուղացիները իրենց հիմնական խնդիրն են համարում գյուղում գազի բացակայությունը: Տեղացիները սպասում են, որ մինչև 2022 թվականն իրենց գյուղն էլ կգազիֆիկացվի՝ պետական գազիֆիկացման ծրագրի շրջանակներում: Ջրամատակարարման հետ կապված խնդիր էլ կա, ամռանը գյուղում ջուր կա, բայց ձմռանը ջրի մատակարարման հարցում ընդհատումներ կան: Տարեկան մի քանի անգամ Փարվանա են գալիս գայլերը, քանի որ գյուղը գտնվում է լեռնային տարածքում, և անասուններ այստեղ շատ կան: Ինչպես հիշում են տեղացիները, անցյալ տարի գայլերը մտել էին գոմ և հոշոտել 10 ոչխար, այդ իսկ պատճառով բոլոր տներում բակերում մեծ շները պահպանում են իրենց տերերի հանգստությունը՝ ինչպես գայլերից, այնպես էլ անծանոթներից:

radionovka 5

Դպրոցում կա 50 աշակերտ, բնակիչները հպարտ են, չնայած դպրոցը փոքր է, բայց այնտեղ աշխատող մանկավարժներից 7-ը ստացել է ավագ ուսուցչի կարգավիճակ:

Radionovvka

Տեղացիների սիրելի զբաղմունքը ձկնորսությունն է: Դեռ մեկ ամիս առաջ լճի շուրջը բազմաթիվ ձկնորսներ կային, սեզոնը սկսվում է այն ժամանակ, երբ լճի վրա ձևավորվում է սառցաշերտը, բռնում են՝ ծածան, մանրաձուկ, կարաս և այլ ձկնատեսակներ… Ձկնորսության սեզոնն ավարտվում է, երբ սառցաշերտը դառնում է ավելի հաստ: Սաստիկ սառնամանիքների պատճառով սառույցը հասնում է կես մետրից մինչև 70 սմ-ի: Սեզոնը վերսկսում է ապրիլ-մայիսին, երբ սառույցը սկսում է հալվել: