Այսօր, հունվարի 24-ին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիային ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հանդիպմանը Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվել են ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը: Ինչպես նաև ընդգծվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության կայքը: