Այսօր Ախալցիխեի շրջանային դատարանում ընթացող դատական պրոցեսի ընթացքում, որտեղ քննվում էր քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանի սպանությունը թաքցնելու գործը` առաջին անգամ մասնակցում էին սպանվածի հարազատները: Նրանք պահանջում են, որ մեղադրյալներին դատեն սպանության համամասնակցության և ոչ թե սպանությունը թաքցնելու համար:
Ինչպես հաղորդում է sknews.ge, մահացածի քույրը` Մանյա Հակոբյանը հայտարարել է, որ իրենց չեն հայտնել դատական պրոցեսների ընթացքի մասին, իրենք այդ մասին իմացել են ԶԼՄ-ից:
Դատական պրոցեսի ժամանակ տեղի ունեցավ լեզվակռիվ Սարգիս Հակոբյանի հարազատների ու հանցագործության թաքցնելու մեջ մեղադրվողների` Արմեն Նալբանդյանի, Արմեն Կարապետյանի և Արթուր Իգիթյանի, հարազատների միջև: Սպանվածի հարազատները պահանջում են, որ մեղադրյալներին դատեն ավելի խիստ, համամասնակցության համար, և ոչ թե` թաքցնելու: Դիմադրությունը սկսվեց դատական դահլիճում, հետո շարունակվեց միջանցքում:
Սպանվածի հարազատները բողոքարկեցին դատավորի, դատապաշտպանի ու մեղադրյալների հարազատների դեմ: Մեղադրյալների դատապաշտպան Մայզեր Բաբլուանիի խոսքով, հարազատների բողոքարկումը պետք է ուղղված լիներ ոչ թե իր, այլ դատախազության դեմ. «Քանի որ դատախազությունը չի քննում սպանության գործը»:
Այսօր կայացավ դատական պրոցեսի չորորդ նիստը հանցագործության թաքցնելու մեղադրանքի հետ կապված, որը տեղի էր ունեցել 2015 թվականի հուլիսի 26-ին: Հիշեցնենք, որ Սարգիս Հակոբյանին սպանել էին հուլիսի 26-ին: Միջադեպը տեղի էր ունեցել Արագվայի ավտոմայրուղու վրա, Խանդոյի /կամ էլ Օրջայի/ խաչմերուկի մոտ:
Կրակողները սպասել էին Սարգիս Հակոբյանին մայրուղուն մոտ, փոքրիկ անտառային գոտում, երբ նա գալիս էր Խանդոյի կողմից դեպի Արագվայի մայրուղի, նրա ուղղությամբ կրակել էին Կալաշնիկով ինքնաձիգից: Արդյունքում ավտոմեքենան թռել էր ճանապարհից դեպի անտառային գոտու մյուս մասը: Երբ ժամանել էր շտապօգնության ավտոմեքենան` Սարգիս Հակոբյանը արդեն մեռած էր: Նրա մոտ հայտնաբերվել էր բազմաթիվ հրազենային վերքեր, որոնցից երկուսը՝ գլխին: