«Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 9-ի: Վրաստանում կորոնավիրուսի իրական ռիսկը գործնականում գոյություն չունի: Վրաստանը չունի ուղիղ թռիչք դեպի Ուխան, որտեղից վիրուսը տարածվել է», – այս մասին հայտնել է Պաատա Իմնաձեն՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը:

Չինաստանում վարակվածների թիվը արդեն գերազանցում է 440-ը: Թոքաբորբ ախտորոշվել է Չինաստանի 14 շրջաններում ապրող քաղաքացիների մոտ: Հիվանդությունը արձանագրվել է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Թաիլանդում և Հարավային Կորեայում:

Ինչ վերաբերում է Վրաստանում վիրուսի տարածման ռիսկերին, ապա, ըստ հիվանդությունների վերահսկման կենտրոնի փոխտնօրենի, Վրաստանը գործում է համաձայն առողջապահության միջազգային կանոնների, և երկիրը որևէ հանձնարարակամներ չի ստացել սահմանափակումների առնչությամբ:

«Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա Վրաստանը կատարում է իր բոլոր պարտավորությունները, այսինքն՝ մենք գործում ենք համաձայն առողջության միջազգային կանոնների, որոնք բխում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին: Ներկայումս չկան հանձնարարականներ՝ կապված ճանապարհորդության կամ Չինաստանի հետ առևտրի սահմանափակումների հետ: Մենք չենք կարող նմանվել Հյուսիսային Կորեային, որը փակել է սահմանը բոլոր զբոսաշրջիկների համար: Մեզ մոտ գործնականում իրական ռիսկ գոյություն չունի, քանի որ Ուխանի հետ ուղիղ չվերթներ չունենք: Ամեն օր կան չվերթներ դեպի Փարիզ, և Փարիզում դեռ ոչինչ չի կարելի անել: Շաբաթը երեք չվերթ կա դեպի Լոնդոն և Հռոմ, այնտեղ խուճապ չկա, կարծում եմ, որ խուճապային վախը ավելորդ է», – հայտարարել է Պաատա Իմնաձեն: